Եվրոպական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թունավոր էլեկտրոնային թափոններում պարունակվող քիմիական նյութերը վերամշակման միջոցով աղտոտում են մանկական արտադրանքները / Արգելված բրոմացված անտիպիրեններ են հայտնաբերվել նաև Հայաստանում ձեռք բերված խաղալիքներում և մազի պարագաներում
Հայաստան – Շրջակա միջավայրի հիգիենայի ոլորտի հետազոտողներն այսօր անհանգստացնող տվյալներ են հրապարակել այն մասին, որ թունունակ բրոմացված անտիպիրենները, էլեկտրոնային թափոններում պարունակվող վտանգավոր քիմիական նյութերը, որոնք հայտնի են նրանով, որ խաթարում են վահանագեղձի գործառույթը և երեխաների մոտ առաջացնում նյարդաբանական խանգարումներ և ուշադրության պակաս, աղտոտում են վերամշակված պլաստմասսայից արտադրված սպառողական ապրանքները:
109 խաղալիքի, մազի պարագաների և խոհանոցային պարագաների հետազոտությունը ցույց է տվել, որ 107 նմուշում (98%) հայտնաբերվել են պոլիբրոմացված դիֆենիլ եթերների (ՊԲԴԵ) չափելի խտություններ, իսկ 80 նմուշում (73%)` հեքսաբրոմոցիկլոդոդեկանի քանակներ (ՀԲՑԴ):
Ազգային մանրամասներ. Հայաստանում ձեռք բերված ապրանքների (2 խաղալիք և մազի 2 պարագա) լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր 4 նմուշները պարունակում են օկտաբրոմոդիֆենիլ եթեր, որի խտությունները տատանվում են 4-36 ppm–ի սահմաններում, ինչպես նաև դեկաբրոմոդիֆենիլ եթեր, որի խտությունները տատանվում են 28-594 ppm–ի սահմաններում: Ընդհանուր առմամբ, արդյունքները ցույց են տալիս, որ էլեկտրոնային թափոններում հայտնաբերված թունունակ անտիպիրեններն առկա են հայաստանյան շուկայում վաճառվող վերամշակված պլաստիկից արտադրված սպառողական ապրանքատեսակներում: Սա ներառում է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայում թվարկված քիմիական նյութերը (օկտաԲԴԵ, դեկաԲԴԵ և ՀԲՑԴ):
Ըստ «Արնիկա – Տոքսիկ նյութերի և թափոնների ծրագրի» գործադիր տնօրեն և ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանցի (IPEN) դիօքսինների, ՓՔԲ– ների և թափոնների հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Յինդրիխ Պետրլիկի խոսքերի, 50 ppm–ից բարձր խտությամբ բրոմացված անտիպիրեններ պարունակող թունավոր պլաստիկները պետք է համարվեն վտանգավոր թափոններ: Միայն վտանգավոր թափոնների համար սահմանված խիստ չափորոշիչը կարող է վերացնել վտանգավոր սողանցքը, քանի որ այն կարգելի թունավոր պլաստիկի օգտագործումը թափոնների վերամշակման գործընթացում:
Պոլիբրոմացված դիֆենիլ եթերները և հեքսաբրոմոցիկլոդոդեկանները թունունակ անտիպիրեններ են (հակակրակային խառնուրդներ), որոնք շրջակա միջավայրում իրենց կայունության շնորհիվ դասվում են մոլորակի վրա առկա 28 առավել վտանգավոր քիմիական նյութերի շարքին: Պոլիբրոմացված դիֆենիլ եթերները հայտնաբերվել են հին էլեկտրոնիկայի ծածկույթներում և լարերի մեկուսիչ նյութերում, իսկ ՀԲՑԴ– ն հայտնաբերվել է էլեկտրոնիկայի և մեքենաների համար նախատեսված փրփրեցվող պոլիստիրոլային պլաստիկներում:
«Անկախ այն բանից, թե խաղալիքը պատրաստված է առաջնային հումք հանդիսացող պլաստիկից, թե վերամշակված պլաստիկից, թունունակ ՊԲԴԵ- ները խաթարում են երեխայի էնդոկրին համակարգի աշխատանքը: Վերամշակված էլեկտրոնային թափոններում պարունակվող վտանգավոր քիմիական նյութերից մարդկանց պաշտպանելու միակ ճանապարհը վերամշակման գործընթացում սողանցքերի վերացումն է և վերամշակված պլաստիկի արտադրությունում վտանգավոր թափոնների օգտագործման արգելումը», – իր կարծիքն է հայտնում «Արնիկա»–յի գիտաշխատող Ժիտկա Ստրակովան, որը մասնագիտացած է ԿՕԱ-ների հարցում և ուսումնասիրության հեղինակն է։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ն կոչ է անում ՀՀ կառավարությանն իր դերակատարումն ունենալ նրանում, որ ինչպես առաջնային հումքից արտադրված պլաստիկների համար, այնպես և վերամշակված պլաստիկների համար գործի միևնույն չափորոշիչը։
«Տոքսիկ սողանցք. Վերամշակված վտանգավոր թափոնների վերածում նոր ապրանքների» ուսումնասիրությունն իրականացրել են «Արնիկա» ասոցիացիան «Առողջության և շրջակա միջավայրի դաշինք»–ը (HEAL) և «IPEN»–ը: 2018թ.–ի ապրիլից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում կատարվել է 430 փորձանմուշի նմուշառում հետևյալ երկրներում` Եվրոպական Միության անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա) և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ (Ալբանիա, Հայաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Ռուսաստան և Սերբիա): Հետագայում բրոմացված անտիպիրենների պարունակության հայտնաբերման նպատակով 109 փորձանմուշ հետազոտվել է Պրահայի քիմիայի և տեխնոլոգիայի համալսարանի լաբորատորիայի կողմից: