arnik awhhe

 

Արնիկա ասոցիացիայի և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ  համատեղ մամլո հաղորդագրություն

30-ը նոյեմբերի, 2010թ.

Չեխ փորձագետները Հայաստանում բացահայտում են ժամկետանց ԴԴՏ-ի պաշարները և օգնում լուծումներ գտնել

Պրագա – Արնիկա ասոցիացիայի <<Թույներ և թափոններ ծրագրի>> ներկայացուցիչները, Հայաստանում կատարած իրենց վերջին առաքելության ժամանակ, ժամկետանց թունաքիմիկատների բոլոր հին պահեստների տարածքներում հայտնաբերել են ԴԴՏ-ով աղտոտվածություն:  Փորձագետները ներկայացրել են առաքելության ժամանակ վերցրած նմուշների լաբորատոր հետազոտությունների առաջին արդյունքները: <<Ըստ էության, մեր կողմից հետազոտված բոլոր այն վայրերում, ուր թունաքիմիկատներ կան, եղել են կամ պահպանվում են, հայտնաբերել ենք ԴԴՏ-ով տարբեր չափի աղտոտվածություն, իսկ մի դեպքում, նույնիսկ ժամկետանց ԴԴՏ-ի պաշարներ` պատռված պարկերով: Այնուամենայնիվ, խնդիրը միայն ԴԴՏ-ին չի վերաբերում>>, – մեկնաբանում է առաջին հետազոտությունների համահեղինակ Մարեկ Զիրը` քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտից,- Սա ճշմարիտ է, չնայած այն փաստին, որ ԴԴՏ-ն վաղուց արգելված է>>: <<Սա վատ նորություն է մեր երկրի համար, սակայն, միևնույն ժամանակ, այժմ մենք ավելի իրազեկված ենք այն մասին, թե ինչ նյութեր են աղտոտում ժամկետանց թունաքիմիկատների պահեստային շինությունները և այդ նյութերի թաղման վայրերը: Արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում ենք այս հարցի վրա հրավիրել պետական և միջազգային հաստատությունների ուշադրությունը>>, – ասում է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ /ՀԿՀԱԱՇՄ/ նախագահ Ելենա Մանվելյանը: Այժմ այս կազմակերպությունը ձեռք բերված տվյալներն օգտագործելու է իշխանությունների հետ իր բանակցություններում և թունաքիմիկատների նախկին պահեստների մոտակայքում բնակվող քաղաքացիներին իրազեկելու նպատակով:

<<Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում>> ծրագրի շրջանակներում Արնիկա ասոցիացիան օգնում է տեղական հասարակական կազմակերպությանը` մշակելու ժամկետանց թունաքիմիկատների վնասազերծման պլան: Հուլիս ամսին Չեխիայի Հանրապետությունից Հայաստան էր մեկնել 6 հոգուց բաղկացած մի խումբ, որի կազմում ընդգրկված էին տարբեր համալսարանների երիտասարդ մասնագետներ, իսկ ավելի ստույգ, մասնագետներ Բռնոյի Մասարիկ համալսարանի Թունավոր միացությունները շրջակա միջավայրում հետազոտական կենտրոնից, Պրագայի քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտից և շրջակա մրջավայրի հարցերով մասնագետներ` Արնիկա ասոցիացիայից: Նրանք հետազոտել են ժամկետանց թունաքիմիկատների 4 պահեստ և մետալուրգիական արդյունաբերության թափոնների մեկ գերեզմանոց: Արնիկայի և ՀԿՀԱԱՇՄ –ի 18 ամիս տևողությամբ համատեղ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և արտասահմանյան հիմնադրամների կողմից:

<<Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին ազատվելու բնապահպանական բեռից` հիմնվելով Չեխիայի Հանրապետության փորձի վրա: Մեզ հայտնի է, որ առաջին քայլը պետք է լինի հիմնախնդրի ծավալի քարտեզագրումը: Չեխիայի Հանրապետությունում բնապահպանական բեռի քարտեզագրումն առավել կամ պակաս չափով կատարված է, և դա շնորհիվ նաև այն հանգամանքի, որ մեր երկրում կան սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, իսկ Հայաստանում տեղյակ են, որ կան, եղել են կամ որոշակի վայրերում պահպանվում են վտանգավոր թունաքիմիկատներ, սակայն չգիտեն, թե ինչպիսի նյութեր են դրանք և ինչ չափով են աղտոտել պահեստային շինությունները, հողը և շրջակա միջավայրի այլ բաղադրիչները: Սա է Չեխիայում և Հայաստանում առկա իրավիճակների հիմնական տարբերությունը >>, – ընդգծում է հասարակության հետ կապերի աշխատակից Զորա Կասիկովան: Որպեսզի ցանկացած երկիր, ներառյալ Հայաստանը, ի վիճակի լինի ընտրելու վնասազերծման իրեն հարմար մեթոդը և այդ նպատակով գտնի ֆինանսավորում, նախ և առաջ, անհրաժեշտ է կատարել վնասազերծման ենթակա նյութերի քանակի գնահատում:

Համաձայն Չեխիայում ընդունված չափանիշների, Հայաստանի ժամկետանց թունաքիմիկատների բոլոր 4 պահեստներն էլ ենթակա են վնասազերծման: Պարարտանյութերը և թունաքիմիկատները, միանշանակորեն, չեն կարող պահպանվել այդ շենքերում:<<Սա առաջին պարզ միջոցառումն է, որ կառաջարկեինք մեր իշխանություններին: Առանց Արնիկայի կազմակերպած հետազոտությունների, մենք դրա համար բավարար տվյալներ չէինք ունենա>>,- հետազոտության գործնական արդյունքներից մեկը նկարագրելով,
ասաց ՀԿՀԱԱՇՄ անդամ Էմմա Անախասյանը:

<<Ամենացնցող բացահայտումներից  էր այն, որ Ջրառատի պահեստից վերցրած նմուշներից մեկում ԴԴՏ-ի պարունակությունը կազմում էր 50 տոկոս: Այս թունաքիմիկատի քանակներն այստեղ հասնում են հարյուրավոր կիլոգրամների: Թունաքիմիկատը, պատռված տոպրակներով, թափված է ամբողջապես քանդված շենքում, և, հետևաբար, հեշտությամբ տարածվում է, քամու միջոցով կամ անձրևաջրերի հետ միախառնվելով: Արդյունքում, դա հանգեցնում է շրջակա միջավայրի զանգվածային աղտոտման>>, – փաստում է Սյուզանա Հոնսայկովան` քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտից:

Նուբարաշենին մոտ գտնվող վայրում, ուր թաղված են ժամկետանց թունաքիմիկատներ, վտանգավոր թունաքիմիկատներով աղտոտվածություն հայտնաբերվել է նաև գերեզմանոցի ցանկապատված տարածքից դուրս: <<Դա նշանակում է, որ գոյություն ունի սննդային շղթայի աղտոտվածություն: Տարածքը հասանելի է նաև արածող կենդանիների համար>>,- ասում է Մարեկ Զիրը: Զարմանալի է, որ գերեզմանոցի մոտակայքում ապրող մարդիկ տեղյակ չեն հնարավոր ռիսկի մասին: <<Ժամկետանց թունաքիմիկատների պահպանման վայրերի հարևանությամբ ապրող մարդիկ աճեցնում են բանջարեղեն, զբաղվում են ձկնաբուծությամբ, պահում են անասուններ, խմելու ջուրն, առանց վախենալու, վերցնում են չպաշտպանված հորերից: Ինչևէ, նրանք տեղեկացված չեն այնպիսի թունաքիմիկատների առկայության մասին, ինչպիսին են ԴԴՏ-ն և լինդանը: Մենք կիրազեկենք նրանց այդ մասին և այս հարցում աջակցության խնդրանքով կդիմենք պետական մարմիններին>>,- ասում է Ելենա Մանվելյանը:

Մինչ այժմ Հայաստանում քննարկվել է միայն Երևանից ոչ հեռու գտնվող գերեզմանոցի հարցը, ուր թաղված է մոտ 500 տոննա ժամկետանց թունաքիմիկատ: <<Արնիկայի կազմակերպած հետազոտությունը ցույց տվեց, որ ԴԴՏ-ով և այլ քլորօրգանական թունաքիմիկատներով աղտոտվածության խնդիրը վերաբերում է շատ վայրերին>>,- նկատում է Արնիկա ասոցիացիայի <<Թույներ և թափոններ ծրագրի>> գործադիր տնօրեն, չեխ-հայկական համատեղ ծրագրի համակարգող Յինդրիխ Փեթրլիկը:

<<Ծրագրի հաջորդ փուլում մենք հետազոտելու ենք պահեստներից դուրս գտնվող տարածքներում սննդային շղթայի և օդի աղտոտվածությունը: Ծրագրի ավարտին ցանկալի կլիներ, որպեսզի մենք ի վիճակի լինեինք առնվազն ուրվագծել, թե ինչ հնարավորություններ կան ժամկետանց թունաքիմիկատներով աղտոտված վայրերի վնասազերծման  համար: Մենք կփորձենք օգնություն ստանալ Չեխիայի պետական հաստատություններից և կփնտրենք Հայաստանում այդ խնդրի լուծման համար մատչելի և օգտակար տեխնոլոգիաներ: Այս ամենի համար, մենք շատ կարևորում ենք համագործակցությունը  ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցի հետ: Արնիկան և ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն այս ցանցի անդամներ են >>,- մանրամասնում է պարոն Փեթրլիկը:

Արնիկան նմանատիպ հիմնախնդրի լուծման հարցում ունի փորձառություն: Դա կապված է Կլատովի – Լյուբիի հետ, որտեղ նրանց հաջողվել է լուծել այդ շինությունների վնասազերծման հարցը, որոնք նախկինում եղել են թունաքիմիկատների պահպանման և պատրաստման պահեստ: ՀԿՀԱԱՇՄ-ի անդամները, Չեխիայի Հնարապետությունում հետազոտական շրջագայության շրջանակներում, նոյեմբերի 30-ին այցելեցին Կլատովի: Թունաքիմիկատների մնացորդային քանակներն, ի տարբերություն Հայաստանում գոյություն ունեցող պահեստների, Լյուբիում այլևս չեն պահպանվում:

<<Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում>> համատեղ ծրագիրը մշակվել է 2009թ.-ի կեսերին, սկսվել է նույն տարվա վերջին` Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցության շնորհիվ:

arnika_press_release2010_clip_image001

Սույն մամլո հաղորդագրությունը պատրաստվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը պատկանում է Արնիկա ասոցիացիային և ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ-ին և չի կարող դիտվել որպես Եվրամիության դիրքորոշման արտացոլում: