Ձմեռն անցավ, եկավ գարուն: Հրազդանի շրջանի Սոլակ համայնքի մի խումբ կանայք, որոնք ընդգրկված են <<Ասենք ոչ քիմիկատներին մեր շրջապատում>> ծրագրի շրջանակներում ստեղծված Սոլակ համայնքի կայուն երկրագործության աջակցության կենտրոնի կազմում, սրտի թրթիռով սպասում են գարնանամուտին: Քանի որ 2012թ.-ին, տեղեկացված լինելով բուսական թուրմերի և կենսահումուսի օգտակարության և մատչելիության մասին, հրաժարվեցին թունաքիմիկատներից և ազոտական պարարտանյութերից, փոխարենը` փորձեր դրվեցին բուսական թուրմերով սրսկման և կենսահումուսով պարարտացման վրա: Իսկ աշնանը նկատվեց բացարձակ տեսանելի արդյունք:
Այն կանայք, ովքեր իրենց տնամերձերում պատրաստեցին բիոհումուսի կույտեր, օգոստոս ամսից այգու պտուղ-բանջարեղենները սկսեցին պարարտացնել իրենց իսկ ձեռքով պատրաստած բիոհումուսով: Երկրորդ-երրորդ պարարտացումից հետո ստացան աննկարագրելի արդյունք, բույսերը փարթամ էին, առողջ, շատ համեղ և ստացան առատ բերք:
Իսկ այս տարի, 2013թ.-ի գարնանը պատրաստվում են նախօրոք կենսահումուսով պարարտացնել կարտոֆիլի համար նախատեսված հողակտորը, հետո նոր սկսել ցանքը: Ամեն տնտեսություն իր համար կուտակել է նաև այրված փայտի մոխիր, որը փխրեցնելու ժամանակ կխառնեն հողին, որպեսզի զերծ մնան լարաթրթուրի տված վնասներից, քանի որ անցած աշնանը այս վնասատուն բավականին ակտիվ էր գործում: Գեղանի տիկնայք և բազմաշնորհ հայուհիները պատրաստել են և պատրաստվում են նորանոր տեխնոլոգիաներով չրեր պատրաստել արևային չորանոցներով` իրենց իսկ ձեռքով աճեցրած էկոլոգիապես մաքուր պտուղ-բանջարեղեններից:
Սոլակ համայնքի բնակիչները շատ ոգևորված են <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի և ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի հետ համագործակցության հնարավորությունից, որոնց շնորհիվ և աջակցությամբ մենք այսօր կարողանում ենք մեր տնամերձերում կիրառել կայուն գյուղատնտեսության որոշ մեթոդներ, արդյունքում ստանալով էկոլոգիապես մաքուր և համեղ պտուղ-բանջարեղեն, որը շատ կարևոր է ցանկացած հայ կնոջ համար, որպեսզի իր ընտանիքի սննդակարգում մեծ տեղ գրավեն մաքուր և անարատ սննդամթերքները:
Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ Սոլակ համայնքի ազգաբնակչության մեծամասնության մոտ հետաքրքրասիրության մեծ գործոն է արթնացել, սերը դեպի օրգանիկ գյուղատնտեսությունը: Ամենքը յուրովի աշխատում են ընդլայնել այդ օղակը: էլ չենք խոսում նորակառույց <<արևային չորանոցների>> մասին, որոնք գյուղում գնալով սնկի պես աճում են` շնորհիվ բազմաչարչար և աշխատասեր հյուսների: