2011թ.-ի հոկտեմբերի 13-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական բաժնի երկրորդ քարտուղար Միզուկի Սուգիտանին այցելեց Արարատի մարզի Դիտակ համայնք` գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքների արդյունքներին ծանոթանալու նպատակով: Հյուրին հանդիսավոր պայմաններում դիմավորեցին դպրոցի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը, դպրոցի ուսուցիչները, սաները, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) անդամներ Լիլիկ Սիմոնյանը, Էմմա Անախասյանը և Քնարիկ Գրիգորյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև լրագրողներ և մարզային հեռուստատեսության աշխատակիցներ, հյուրեր տարբեր շահագրգիռ կազմակերպություններից: Այցի ավարտին Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչը հայտնեց իր գոհունակությունը կատարված շինարարական աշխատանքներից և կիսեց իր տպավորությունները կազմակերպված միջոցառման վերաբերյալ:
60-ամյա վաղեմություն ունեցող դպրոցի մասնակի վերանորոգումն իրականացվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած 104 հազար դոլար օժանդակության շնորհիվ, ՀԿՀԱԱՇՄ-ի վերահսկողությամբ իրագործված <<Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգման համար>> նախագծի շրջանակներում: Դպրոցի վերանորոգմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև շվեյցարական <<Ֆոնդասիոն սուղիղ վեղ լավենիղ>> (Sourire vers l’Avenir Foundation) հիմնադրամը (2000 եվրո) և ՀՀ կառավարությունը (համաձայն 3 փետրվարի 2011թ. թիվ 108 Ն որոշման), սակայն դպրոցի հիմնանորոգման համար պահանջվում է ևս մոտ 40 մլն. ՀՀ դրամի աջակցություն: Մինչ այժմ ՀԿՀԱԱՇՄ – ին չի հաջողվել հայթայթել նշված գումարը, ուստի ուզում ենք հուսալ, որ այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս խնդրով և կարող են օգնել, օգնության ձեռք կմեկնեն: