(Մամուլի հաղորդագրություն)

Երևան, 8 հոկտեմբերի 2019թ.: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի կողմից տրվեց «Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի մեկնարկը` Չիլիի համալսարանի Էներգետիկայի կենտրոնի հետ համատեղ (CE-FCFM): Այն ֆինանսավորվում է «Մեկ մոլորակ» ցանցի «Կայուն կենսակերպ և կրթություն» (ԿԿԿ/SLE) ծրագրի միջոցով: Վերջինս ղեկավարում են Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը և Շվեդիայի կառավարությունը, որոնք ներկայացված են, համապատասխանաբար, Համաշխարհային բնապահպանական ռազմավարությունների ինստիտուտի (IGES) և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) կողմից: Ծրագիրն ընտրվել է «Կայուն կենսակերպ և կրթություն» ծրագրի հետ կապված առաջարկների ներկայացման համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Ծրագիրը կնպաստի ԿԿԿ ծրագրին` կրթական և տնտեսական ոլորտներում կայուն կենսակերպի մշակման և կիրառման միջոցով: Ծրագրի շրջանակում կրթական ոլորտում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում կմշակվի գյուղի կայուն զարգացման վերաբերյալ ուսումնական ծրագիր: Սույն ծրագրի շրջանակում Սոլակ համայնքում իրականացվելիք միկրոպիլոտային ծրագրի շրջանակում կմշակվեն գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների համար կայուն բիզնես մոդելներ: «Համալսարանի ուսանողները համատեղ կաշխատեն Սոլակ համայնքի հետ` Սոլակի ֆերմերների շրջանում առավել տարածված գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների համար մաքուր էներգիայի տարատեսակ լուծումների որոնման և ներդրման համար», – ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի նախագահ դոկտոր Ելենա Մանվելյանը։

«Ծրագրի շրջանակում կմշակվեն կայուն լուծումներ համայնքների և երիտասարդ ձեռներեցների համար` վերականգնվող և մաքուր պաշարների փոքր մասշտաբներով օգտագործման շնորհիվ` բարձրացնելով տեղական գյուղատնտեսական սննդամթերքի արտադրության կարևորությունը», – ասաց Չիլիի համալսարանի էներգետիկ կենտրոնի ավագ գիտաշխատող, դոկտոր Մարսելո Մատուսը և ավելացրեց. «Համալսարանի և համայնքի միջև գործընկերությունը թույլ կտա զորացնել երիտասարդ մասնագետներին և տեղական գյուղատնտեսական սնունդ արտադրողներին`  որդեգրելու կայուն կենսակերպ»:

Առավել մանրամասն տեղեկատվության համար դիմել «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի նախագահ Ելենա Մանվելյանին` office@awhhe.am էլեկտրոնային հասցեի միջոցով։