Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 31-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա “Թունաքիմիկատներ, արդյո՞ք դրանք պարտադիր են” տեսաֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը պատկերացում է տալիս մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող ագրոքիմիկատների, ներառյալ ԿՕԱ-ների (կայուն օրգանական աղտոտիչներ) ոչ ճիշտ կառավարման հարցի մասին: Այն ցույց է տալիս նաև, թե որքան կարևոր է բարձրացնել թունաքիմիկատներ օգտագործողների իրազեկությունը:
Թունաքիմիկատների հարցի կառավարման վերաբերյալ գիտելիքների տարածմանը խանգարող հանգամանքներից են` հստակ մեխանիզմների, ուսուցողական ծրագրերի սահմանափակ մատչելիությունը, գյուղական համայնքներում մասնագիտացված ուսուցանողների պակասը:
Ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժ.պ. Դիրք Բոբերգը: Շնորհանդեսին, որը կսկսվի ժամը 12:00-ին, հրավիրված են մասնակցելու Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի, շահագրգիռ նախարարությունների, հասարակական կազմակերպությունների և տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Տեսաֆիլմը նկարահանվել է երկու ծրագրերի շրջանակներում, որոնք նպատակաուղղված են թունաքիմիկատների անվտանգ կառավարմանը, թունաքիմիկատների փոխարեն բնական այլընտրանքների օգտագործմանը և գյուղական բնակչության իրազեկության բարձրացմանը: Նշված ծրագրերն են` “Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով բնակչության քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում” ծրագիրը` ֆինանսավորված Եվրոմիության կողմից (ԵՄ-ան ներդրումը`186000 եվրո, համաֆինանսավորումը Արնիկա, GGF, IPEN, AWHHE, GEF, WECF կազմակերպությունների կողմից` 63 000 եվրո): Ծրագիրն իրականացվում է համատեղ` “Արնիկա” չեխական ասոցիացիայի և “Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի” /ՀԿՀԱԱՇՄ ՀԿ/ հասարակական կազմակերպության կողմից: Մյուսը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորված “ԿՕԱ-ների և թունավոր քիմիկատների բացասական ազդեցության մասին իրազեկության բարձրացում Հայաստանի Հայանիստ, Խաչփար, Ֆանտան, Քաղսի, Սոլակ և Ձորաղբյուր գյուղերում` ռիսկերի նվազեցման համար” ծրագիրն է` իրականացված “Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի” ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի կողմից:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Լուսինե Նալբանդյանին հետևյալ հեռախոսահամարով` 52 36 04 կամ էլ. փոստով office@awhhe.am