2018թ.–ի հոկտեմբերի 21-27-ը տեղի ունեցավ 6-րդ ամենամյա «Կապարից թունավորման կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»–ը: «Հայ կանայք հանուն առողջության  և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ն միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրին (ՄԱՇՄԾ) և աշխարհի այլ կազմակերպություններին` արգելելու կապարային ներկերի օգտագործումը և բարձրացնելու Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի գործունեության մասին իրազեկությունը։ Նախաձեռնության շրջանակում, «ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանց»–ի (IPEN) աջակցությամբ, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ն իրականացրել է հետևյալ գործողությունները.

  • Կապարային ներկերում կապարի պարունակության չափորոշիչի վերանայման խնդրանքով դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի պատասխանի, ներկայումս համաձայնեցման փուլում է գտնվում ԵԱՏՄ «Լաքաներկային նյութերի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագիծը, որի ընթացքում առողջապահության նախարարությունն առաջարկել է արգելել լաքաներկային նյութերում կապարի և կապար պարունակող պիգմենտների օգտագործումը։
  • Տպագրել և տարածել է կապարային ներկերի թեմայով իր ստեղծած տպագրական նյութերը (բուկլետի 250 օրինակ, պաստառի 80 օրինակ)։
  • Կապար պարունակող ներկերի մասին կազմակերպել է սեմինարներ Այգավանի, Մուշականի, Արարատի, Ոսկետափի դպրոցներում և Երևանի թիվ 134 և 176 դպրոցներում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ–ում, թիվ 98 մանկապարտեզում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։
  • Պատրաստել է կապարից թունավորման հիմնախնդրի վերաբերյալ հոդված, որն ուղարկվել է Հրազդան, Դիլիջան, Ստեփանավան և Եղեգնաձոր քաղաքների 4 տեղական էլեկտրոնային և տպագիր թերթերին։
  • Հոկտեմբերի 25–ին կազմակերպությունը մասնակցել է «ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանց»–ի և «Էկո–համաձայնություն» կենտրոնի կազմակերպած` կապարի հիմնախնդրին նվիրված վեբինարին, որին մասնակցում էին Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԿԱ) երկրների մի շարք ՀԿ–ներ։ Վեբինարի ընթացքում ՀԿՀԱԱՇՄ փորձագետը ներկայացրել է «Կապարից թունավորման կանխարգելման շաբաթ»–վա ընթացքում իրականացրած և իրականացվելիք միջոցառումները։ Մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, ներառյալ` ներկերում կապարի պարունակության նկատմամբ մշտադիտարկման կարևորությունը, օրենսդրության դերը ներկերում կապարի պարունակության չափորոշիչի կարգավորման հարցում, անվտանգ ներկերի ընտրության խնդիրը, ներկերում կապարի պարունակության չափորոշիչի կարգավորման տնտեսական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է հատկացվել կապարային ներկերի արտադրության, ներկրման և արտահանման հետ կապված օրենսդրական և տնտեսական խնդիրներին։