«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն միացել է սույն թվականի հոկտեմբերի 22-ին մեկնարկող «Կապարային թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»-ին, որին միացել է աշխարհի տարբեր երկրներից 100 կազմակերպություն: Փորձագետ Քնարիկ Գրիգորյանը «Կանաչ իրավունքներ, խախտումներ, պաշտպանություն» խորագրով սեմինարի ժամանակ ներկայացրեց կապարային թունավորումների հետ կապված ռիսկերը և իրավախախտումները, կապար պարունակող ներկերի արգելման անհրաժեշտությունը, քանի որ աճող օրգանիզմի վրա այս ծանր մետաղի ազդեցության առումով երեխաներն առավել խոցելի են: Նա բարձրացրեց նաև Հայաստանում երեխայի` առողջության և անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հարցը, ինչպես նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է վերանայել կենցաղային օգտագործման համար նախատեսված կապարային ներկերի վերաբերյալ ազգային օրենսդրությունը:
Սույն քարոզարշավը նախաձեռնել են ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցը (IPEN), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP): Այս գործողությունների նպատակն է խրախուսել կառավարություններին մինչև 2020 թ.-ը հրաժարվել ներկերի արտադրությունում կապարի օգտագործումից:
Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել` www.ipen.org, www.ecoaccord.org: