Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից (ՔՀԿ) կազմված աշխատանքային խմբի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների հետ տեղի ունեցավ 2013թ.-ի սեպտեմբերի 2-ին:
Առաջարկվող հանդիպման նպատակն էր աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ օրենսդիրների ուշադրությանը ներկայացնել իրենց շահառուների առջև ծառացած և շուտափույթ օրենսդրական լուծում պահանջող հիմնախնդիրները` դրանով իսկ նպաստելով նաև ՀՀ ԱԺ-ի մասնակցային կառավարման մշակույթի զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցեցին գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և յոթ անդամներ:
ՔՀԿ-ից մասնակցել են հետևյալ կազմակերպությունները.
Էմմա Անախասյան, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ
Ինգա Զարաֆյան, <<ԷկոԼուր տեղեկատվական>> ՀԿ
Արթուր Գրիգորյան, փորձագետ
Աիդա Իսկոյան, <<Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն>> ՀԿ
Կարինե Դանիելյան, <<Հանուն մարդկային կայուն զարգացման>> ասոցիացիա
Սոնա Այվազյան,<<Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն>> ՀԿ
Սիլվա Այվազյան, Երևանի Օրհուս կենտրոն
Ալբերտ Հարոյան, Դիլիջանի Օրհուս կենտրոն:
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին առաջարկություններ հետևյալ նախագծերի վերաբերյալ.
- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին օրենքի նախագիծ, սերմերի մասին օրենք
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին նախագիծ
- Սևանի մասին օրենքի լրացման նախագիծ
- Գյուղատնտեսության մասին օրենք:
Առաջարկությունները ներկայացվեցին Էմմա Անախասյանի կողմից, այնուհետ յուրաքանչյուր կազմակերպություն լրացում կատարեց իր կողմից:
Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ իրենք առաջնահերթ են համարում Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին օրենքի նախագծի ընդունումը, և կկազմակերպվեն հանրային լսումներ նախագծի քննարկման շուրջ: Հանձնաժողովի անդամներն իրենց անհանգստությունն արտահայտեցին սերմերի ներկրման ազատականացման շուրջ:
Սևանի մասին օրենքի լրացման նախագիծը վերաբերում է փոքր հէկ-երին: Նախագծի հեղինակը նույնպես մասնակցում էր հանդիպմանը: Բոլոր մասնակիցներն իրենց մտահոգությունն արտահայտեցին Սևանա լճի ճակատագրի մասին: Քննարկվեց նաև գետերի աղտոտվածության, <<Սևանի մասին>> օրենքի չգործելու, էկոլոգիական թողքերի անհամապատասխանության, գործող փոքր հէկ-երի հետագա արգելման, անմիջապես Սևանա լճում ձկնարդյունաբերության վտանգավորության հարցերը:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին նախագիծը չքննարկվեց, քանի որ այն նոր է մտել Ազգային ժողով, և ամառային արձակուրդներից հանձնաժողովի անդամները նոր են վերադարձել: Նախագահի կողմից առաջարկվեց կազմակերպել առանձին քննարկում նշված թեմայի շուրջ: Օրենքը պետք է ընդունվի նոյեմբերի վերջին:
Գյուղատնտեսության մասին օրենքի նախագծի քննարկումն անցյալ տարի հետաձգվեց 1 տարով: Նոր նախագիծը կրկին կներկայացվի Ազգային ժողով: Այժմ նախագիծը գտնվում է կառավարությունում:
Խոսվեց նաև բնապահպանական շրջանակային օրենքի մասին, որը, կարծես թե, տեսադաշտից դուրս է մնացել:
Հանձնաժողովի նախագահն ամփոփեց հանդիպումը, նշելով, որ առաջարկությունները հաշվի կառնվեն: Նա խնդրեց ծանոթանալ Ազգային ժողովի կայքում տեղադրված նոր նախագծերին և ներկայացնել կարծիք կամ օրենսդրական առաջարկություն: Առանձնակի նշվեց, որ հանձնաժողովը պատրաստ է համագործակցության: