Չնայած առաջընթացին, Սնդիկի մասին համընդհանուր համաձայնագիրը խափանվում է սնդիկի անվերահսկելի արտադրության և առևտրի պատճառով
Խմբերը դիմում են կառավարություններին` Մինամատայի համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու և վաղ իրականացումն ապահովելու խնդրանքով:
Ամման, Հորդանան, 9-ը մարտի 2016թ.: ՀԿ – ների միջազգային կոալիցիան այսօր Հորդանանում կայանալիք ՄԱԿ-ի Սնդիկի մասին համաձայնագրին նվիրված հանդիպման նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի սնդիկի նկատմամբ համընդհանուր ավելի խիստ վերահսկողական միջոցառումների ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը դժվարանում է ապօրինի, չտեղեկագրված և չկարգավորվող սնդիկի արտադրության և առևտրի պատճառով:
«Զրո սնդիկ աշխատանքային խումբը» [1] (ZMWG) հայտարարել է, որ սնդիկի արտանետումների կրճատման ուղղությամբ գլոբալ ջանքերը կարող են անհաջողության մատնվել, եթե սնդիկի արտադրության և առևտրի նկատմամբ վերահսկողության հարցերը չլուծվեն` նախքան համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
«Սնդիկի թրաֆիքինգը կարտոֆիլի չիպսերի վաճառք չէ, – ասաց Մայքլ Բենդերը, «Զրո սնդիկ աշխատանքային խմբի» միջազգային համակարգողը, – բոլորին քաջ հայտնի է, թե ինչ հետևանքներ են լինում, երբ սնդիկը պատահականորեն արտադրվում է, տեղափոխվում և հետագայում արտանետվում կենսոլորտ»:
Սնդիկը կայուն նեյրոտոքսին է, որը բիոակումուլյացիայի է ենթարկվում` վտանգելով երեխաների, ափամերձ վայրերում ապրող բնակիչների և միլիոնավոր փոքր ծավալով ոսկի արդյունահանողների առողջությունը:
Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիան, որը համաձայնեցվել է 2013 թ.-ին և որը մինչ այսօր ստորագրվել է 128 երկրի և վավերացվել 23 ազգերի կողմից, մի համաձայնագիր է, որը պաշտպանում է մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սնդիկով աղտոտումից: Համաձայնագիրն արգելում է սնդիկի նոր հանքերի շահագործումը, սահմանում է վերահսկողության միջոցառումներ մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների նկատմամբ, սահմանում է կանոնակարգումներ ոսկու արհեստագործական և փոքրածավալ արդյունահանման համար և ապահովում է գոյություն ունեցող հանքերից և արտադրանքներից փուլ առ փուլ հրաժարման իրականացումը:
Հորդանանում այս շաբաթ տեղի ունեցած հանդիպումը սնդիկի վերաբերյալ միջկառավարական բանակցային հանձնաժողովի (INC) յոթերորդ նստաշրջանն է: Պատվիրակները հանդիպել են, որպեսզի համաձայնության գան համաձայնագրի մանրամասների շուրջ: Սա վերջին հանդիպումն է` նախքան կոնվենցիայի ուժի մեջ մտնելը` 50 երկրի կողմից վավերացնելուց հետո:
«Երկրները պետք է հավատարիմ մնան այս պատմական համաձայնագրի ոգուն և մտադրությանը», – ասաց Ելենա Լիմբերիդի-Սեթթիմոն, ZMWG միջազգային համակարգողը. «Որպեսզի հոսքը դադարեցնենք, մենք պետք է առաջին հերթին պարզենք, թե որտեղից է գալիս սնդիկի մատակարարումը և դեպի ուր է այն գնում»:
Սնդիկի արտադրության և առևտրի հոսքերի մասին տեղեկատվական նշանակալից բացերը թույլ չեն տալիս հստակ պատկերացում կազմել սնդիկի համաշխարհային մատակարարման իրավիճակի մասին: Ներկայումս չկա սնդիկի արտադրության, մատակարարման և առևտրի վերաբերյալ ստանդարտ տեղեկատվություն կամ ցուցակների կազմման ընթացակարգ: Սնդիկ արտադրող որոշ երկրներ հաշվետվություն չեն ներկայացնում արտադրության ծավալների մասին, շատ երկրներ էլ, ապօրինի կամ մաքսանենգ մատակարարումների պատճառով, չեն իրականացնում սնդիկի պաշարների ճշգրիտ ցուցակագրում:
«Մտահոգիչ է այն փաստը, որ սնդիկի նոր, անօրինական հանքեր[i] են ի հայտ գալիս Ինդոնեզիայում և Մեքսիկայում, և որ Արևելյան Ասիան հանդես է գալիս որպես սնդիկի խոշոր առևտրային հանգույց», – ասաց Ռիչարդ Գուտիերեսը, “Ban Toxics!” կազմակերպության տնօրենը, Ֆիլիպիններ. «Այս ամենը նպաստում է փոքր ծավալով ոսկու արդյունահանման համար սնդիկի փաստացի պահանջարկի բավարարմանն ասիական տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում և հնարավոր է` ողջ աշխարհում: Այս միտումները ոչ մի լավ բան չեն խոստանում համաձայնագրի ապագայի համար»:
ZMWG –ն հավատացած է, որ սնդիկի առևտրի արդյունավետ վերահսկողության և կառավարման համար կառավարությունները պետք է սկսեն իրականացնել իրենց երկրներում սնդիկի արտադրության աղբյուրների նույնականացում և ցուցակագրում: Նրանք պետք է թափանցիկ գործեն և տրամադրեն տեղեկատվություն իրենց արտադրության ծավալների և կուտակումների, ինչպես նաև այն մասին, թե ով, որքան և որ երկրներին է արտահանում:
«Սնդիկի պատահական արտադրության և առևտրի կանխարգելումն արդյունավետ հաշվետվողականության և մոնիթորինգի միջոցով կօգնի վերջ դնելու այդ գործելակերպին: Սա պետք է դիտարկվի որպես առաջնահերթություն կառավարությունների վաղվա հանդիպման ժամանակ, – ասաց Ռիկո Յուրիպիդոն, “groundWork”, Հարավային Աֆրիկա. «Տվյալների մասին հաշվետվողականությունը պետք է դառնա համաձայնագրի անբաժանելի մասը: Հակառակ դեպքում, համաձայնագիրը կարող է վերածվել պարզապես հերթական «թղթե վագրի»»:
Լրացուցիչ տեղեկատվության համար, խնդրում ենք դիմել`
Ելենա Լիմբերիդի-Սեթթիմո, ZMWG միջազգային համակարգող, բջջ.`+32 496 532818, Elena.lymberidi@eeb.org
Միշել Բենդեր, ZMWG միջազգային համակարգող, բջջ.`+1 802 9174579, mercurypolicy@aol.com
Ռիչարդ Գուտիերեզ, Ban Toxics! կազմակերպության տնօրեն, Ֆիլիպիններ, բջջ.` +63 2 355 7640, rgutierrez@bantoxics.org
Ռիկո Յուրիպիդո, groundWork – Friends of the Earth South Africa, բջջ.` +27 835193008, rico@groundwork.org.za
***
Նշումներ խմբագիրների համար
[1] ZMWG -ն ավելի քան 50 երկրում գործող ավելի քան 95 հասարակական հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական և առողջապահական հասարակական կազմակերպությունների գլոբալ կոալիցիա է:
[2] Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիա` http://www.mercuryconvention.org
[3] Պարզվել է, որ DELA GmbH թափոնների հարցերով զբաղվող, ներկայումս չգործող գերմանական ընկերությունը, 2014 թ-ին ապօրինաբար արտահանել է ԵՄ քլոր-ալկալիական արտադրություններից գոյացած ավելի քան 1000 տոննա մետաղական սնդիկի ավելցուկ` շրջանցելով ԵՄ արտահանման արգելքը և թույլ տալով սնդիկը մուտքը համաշխարհային շուկա: Այս ընկերությունը «թափոնների» անվան տակ արտահանել է շուրջ 500 տոննա սնդիկ Շվեյցարիա, Հունաստան, Նիդերլանդներ և այլ երկրներ:
DELA-ն կարողացել է շրջանցել կանոնակարգերը, քանի որ չի պահանջվել որևէ վերահսկման մեխանիզմ` դեպի նպատակային օգտագործման վերջնակետ սնդիկի անցած ճանապարհին հետևելու համար: Իշխանությունները դեռևս չգիտեն, թե ինչ է արվել սնդիկի այդ քանակության հետ: Հայտնի է սակայն, որ հիմնական նպատակակետ հանդիսացող բոլոր երկրներն առևտրային կապերի մեջ են այն երկրների հետ, որտեղ նշանակալի չափերի է հասնում ոսկու փոքրածավալ արդյունահանումը, ինչն էլ հանդիսանում է շրջակա միջավայր արտանետումների անմիջական աղբյուր և վտանգում հանքագործների ու նրանց ընտանիքների անդամների առողջությունը:
«Որպեսզի դադարեցնենք հոսքը, մենք պետք է առաջին հերթին իմանանք, թե որտեղից է սնդիկը մատակարարվում և ուր է այն գնում», – ասաց Ելենա Լիմբերիդի-Սեթթիմոն, Եվրոպայի բնապահպանական բյուրոյի (ԵԲԲ) «Զրո սնդիկ» ծրագրի ղեկավարը. «Մենք կոչ ենք անում ԵՄ-ին ստեղծել առևտրին հետևող համակարգ` արձանագրելու համար սնդիկի առևտրի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ` արտահանման, ներմուծման, ինչպես նաև արտադրության ծավալները»:
[4] Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի վավերացումը ԵՄ կողմից` http://ec.europa.eu/environment/chemicals/mercury/ratification_en.htm
[i] Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, առաջնային հանքարդյունաբերությունից ստացված սնդիկը չի թույլատրվելու օգտագործել արհեստագործական և փոքրածավալ ոսկու արդյունահանման ժամանակ: