<<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է կայուն զարգացման, մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության և աղքատության կրճատման ուղղությամբ` սերտորեն համագործակցելով <<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> (WECF), <<Կանայք հանուն ջրային համագործակցության>> (WfWP), <<ԿՕԱ – ների ոչնչացման հարցերով միջազգային ցանց>> (IPEN), <<Առողջապահություն առանց վնասի>> (HCWH), <<Գլոբալ հակաայրման միություն>> (GAIA), <<Եվրոպայում պեստիցիդների դեմ գործողությունների ցանց>> (PAN Europe) և <<Առողջության և շրջակա միջավայրի միություն>> (HEAL) միջազգային բնապահպանական և առողջապահական ցանցերի հետ:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն ստեղծվել է 1999թ.-ին: ՀԿՀԱԱՇՄ-ի առաքելությունն է` ուսումնասիրել Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները, պաշտպանել առողջ շրջակա միջավայրում մարդու ապրելու իրավունքը, նպաստել շրջակա միջավայրի աղտոտման և վտանգների, այդ թվում կլիմայի փոփոխության հետ կապված առողջապահական ռիսկերի կրճատմանը, ինչպես նաև խթանել առողջ ապրելակերպը` հատկապես կենտրոնանալով երեխաների և կանանց վրա: Մասնավորապես, երեխաների և ապագա սերունդների առողջության և անվտանգության համար մտահոգությունը կարևոր շարժառիթ է, որպեսզի կանայք դառնան դրական փոփոխությունների կատալիզատորներ:

ՀԿՀԱԱՇՄ – ն աջակցում է առողջության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծմանը` կրթական և տեղեկատվական քարոզարշավների միջոցով բարձրացնելով մարդկանց իրազեկվածությունն առողջությանը սպառնացող բնապահպանական վտանգների և շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված սոցիալական անարդարության մասին: Բացի այդ, կազմակերպությունն իրականացնում է ջրամատակարարման և այլ հարակից հարցերի նկատմամբ անկախ մշտադիտարկում և հետազոտություններ, կազմակերպում է լոբբինգ որոշումներ կայացնողների նկատմամբ, օգնում է գյուղական համայնքների կարողությունների հզորացմանը, խթանում է հայ կանանց մասնակցությունը տեղական և պետական մակարդակներում որոշումների կայացման գործընթացին, ստեղծում է տեղեկատվական նյութեր, կազմակերպում և մասնակցում է միջազգային և տեղական համաժողովներին և ֆորումներին:
Կազմակերպությունն աշխատում է երեք երկարաժամկետ նպատակների ուղղությամբ` հասնելու համար գլխավոր նպատակին, այն է` նպաստել Հազարամյակի զարգացման 1-ին, 3-րդ և 7-րդ նպատակների իրականացմանը, որոնք ուղղված են գյուղական վայրերում աղքատության վերացմանը և կայուն զարգացմանը:

Անվտանգ քիմիական նյութեր բոլորի համար
• Աջակցել Հայաստանում <<Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման>> (SAICM), Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ-ների) մասին Ստոկհոլմի կոնվենցիայի և Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի իրականացմանը

Անվտանգ ջուր և ջրահեռացում բոլորի համար
• Աջակցել Հայաստանում ՄԱԿ-ի ԵՏՀ/ԱՀԿ <<Ջրի և առողջության մասին>> արձանագրության իրականացմանը, ջրի աղտոտման հետ կապված առողջապահական ռիսկերի նվազեցմանը` ջրամատակարարման համակարգի բարելավման և դպրոցներում և տնային տնտեսությունների համար էկոլոգիական սանիտարական զուգարանների կառուցման միջոցով

Անվտանգ սննդի արտադրություն և գյուղական զարգացում բոլորի համար
• Խրախուսել օրգանական հողագործությունը և թունաքիմիկատների անվտանգ այլընտրանքները օգտագործումը

Գենդերային հավասարության խթանում և կանանց hզորացում
• Մեծացնել կանանց և տղամարդկանց հավասարաչափ մասնակցությունը քաղաքականության ձևավորման և կանանց իրավունքների և լիազորությունների ընդլայնման գործընթացում

ՀԿՀԱԱՇՄ-ն ունի իր ներկայացուցիչը ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի կազմում, որը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Դաշինքին անդամությունը հնարավորություն է տալիս ՀԿՀԱԱՇՄ-ին` աջակցել ազգային մակարդակում բնապահպանական հարցերի շուրջ որոշումների կայացման գործընթացին:

Միջազգային մակարդակում ՀԿՀԱԱՇՄ-ն ակտիվորեն մասնակցում է <<Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման>>, <<Շրջակա միջավայրը և երեխաների առողջությունը>> գործողությունների եվրոպական ծրագրի և Եվրոպական Միության ջրային նախաձեռնության իրականացման գործընթացներում:

ՀԿՀԱԱՇՄ-ն 2007 թ.-ից սկսած ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՄԱԿ-ի ԵՏՀ <<Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պահպանության և օգտագործման մասին կոնվենցիային>> (Ջրային կոնվենցիա) կից <<Ջրի և առողջության մասին>> արձանագրության ներքո իրականացված գործողություններում և քննարկումներում` որպես ջրի և առողջության հարցերով աշխատանքային խմբի, նպատակային ցուցանիշների սահմանման և հաշվետվությունների կազմման հարցերով աշխատանքային խմբի, հանրային մասնակցության հարցերով խմբագրական խմբի, ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության հասնելու գործում առաջընթացի դիտարկման հարցերով փորձագիտական խմբի, ծայրահեղ եղանակային իրադարձությունների ժամանակ ջրամատակարարման և ջրահեռացման վերաբերյալ ուղեցույցի մշակման հարցով աշխատանքային խմբի մասնակից և ակտիվ անդամ:
ՀԿՀԱԱՇՄ-ն ունի իր ներկայացուցիչը Հայաստանում ջրի հետ կապված հարցերի վերաբերյալ ազգային քաղաքականության երկխոսության (ԱՔԵ) ղեկավար կոմիտեի կազմում: ՀՀ բնապահպանության նախարարությունը, Եվրոպական Միության ջրային նախաձեռնության ԱԵԿԿԱ բաղադրիչը և Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի քարտուղարությունը համատեղ ստանձնում են ԱՔԵ-ի իրականացումը:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ անդամների բարձր արհեստավարժությունը, նրանց մեծ փորձը և նվիրվածությունը ծառայում են որպես ամուր հիմք` մի շարք նախագծային առաջարկների մշակման և դրանց հետագա հաջող իրականացման համար:
ՀԿՀԱԱՇՄ – ն հավատացած է, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքը և արդյունավետ համագործակցությունը բոլոր այն ծրագրերի արդյունավետ և հաջող իրականացման հիմնաքարն է, որոնք ուղղված են մարդու կյանքի բարելավմանն ու պահպանմանը և կազմակերպության «Առողջ շրջակա միջավայր` մեր երեխաների համար, առողջ սերունդ` Հայաստանի համար» տեսլականի իրականացմանը:

Կազմակերպության կառուցվածքը

chart