Նախագծի անվանումը` Կայուն և առողջ շրջակա միջավայր` Հայաստանի գյուղաբնակ վայրերում
Տևողությունը`2008թ. հունվար – 2011 թ. հունվար
Իրականացման վայրը` Կոտայքի և Արարատի մարզերի 6 գյուղ
Ֆինանսավորումը` Հոլանդիայի արտաքին գործերի նախարարություն
Նախագծի ամփոփ նկարագիրը
Նպատակային խնդիրը. Զարգացնել աղքատ գյուղական համայքների, տեղական կազմակերպությունների կարողությունները` բոլոր մակարդակներում բարձրացնելով որոշում կայացնողների իրազեկությունն ու պատասխանատվությունը, հաստատելով և ամրապնդելով շահագրգիռ կազմակերպությունների միջև համագործակցությունն ու փոխգործակցությունը, պաշտպանելով մարդու իրավունքները, աջակցելով կանանց հավասար մասնակցությանը գյուղի կայուն զարգացման գործընթացներում` նպաստելով Հազարամյակի զարգացման 1,2,3,4 և 7 նպատակների իրականացմանը:
Դպրոցի էկոլոգիական զուգարանի մոնիտորինգ (նկուղը, ուր տեղադրված են մեզի տարաները)
Անհատական զուգարանի մոնիտորինգ
Խմելու ջուր. Հայանիստ գյուղում կառուցվել է 350 մ երկարությամբ խմելու ջրագիծ, որի շնորհիվ ևս 20 ընտանիք ապահովվել է խմելու ջրի մատակարարմամբ: Կառուցման համար կատարված ընդհանուր ծախսերի 61- % -ը ՀԿՀԱԱՇՄ-ի ներդրումն է, իսկ 39 % -ը` գյուղապետարանի կանխիկ ներդրումը:
ՀԿՀԱԱՇՄ-ն, <<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> /WECF/ կազմակերպության հետ համատեղ, 2009 թ. մայիսին կազմակերպել է <<Ջրի անվտանգության պլան>> (WSP) թեմայով ուսուցում` ուսուցիչների և ՀԿՀԱԱՇՄ ՀԿ անձնակազմի համար: Ուսուցման արդյունքում, Սոլակ և Ձորաղբյուր դպրոցների ուսուցիչների համար մշակվել են առանձին պլաններ: Ուսուցման ընթացում ստուգվել են ջրի այն նմուշները, որոնք վերցված են եղել այդ գյուղերի ջրի բոլոր աղբյուրներից (3 նմուշ` յուրաքանչյուր գյուղից): Սոլակ և Ձորաղբյուր գյուղերի խմելու ջրի 2 նմուշում նիտրատների քանակը գերազանցում էր սահմանային թույլատրելի խտությունը (100 մգ/լ-ից ավել էր): ՀԿՀԱԱՇՄ-ն շարունակաբար իրականացնում է ծրագրում ընդգրկված 6 գյուղի ջրի աղբյուրների և ջրի որակի տեսողական դիտարկումներ: Վերջին 5 տարիների ընթացքում Ձորաղբյուրի ջրի 3 աղբյուրից վերցրած ջրի նմուշներում շարունակաբար նկատվել է միկրոօրգանիզմներով աղտոտվածություն: Վերջինիս հայտնաբերման նպատակով, 2009 թ.-ին հետազոտվել է 47 նմուշ, ընդ որում 16 նմուշ չի համապատասխանել խմելու ջրի որակի պահանջներին: Ջրի նմուշներն հետազոտվել են Հիվանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնում:
Ուսուցում` <<Ջրի անվտանգության պլանը Հայաստանում>> թեմայով
Գյուղատնտեսություն. Սոլակ գյուղում կազմակերպվել է ծառատունկ: 200 բարդի տնկվել է դեպի գյուղ տանող ճանապարհի երկայնքնով, իսկ 40 բարդի` դպրոցի բակում: Ծառատունկ է կազմակերպվել նաև Ֆանտան գյուղի դպրոցի և բուժկետի բակերում: Ընդամենը տնկվել է 30 տանձենի և 20 խնձորենի:
Ֆանտան գյուղում անցկացրած ուսումնասիրությունների և մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ կա որակի տարբերություն` կենսահումուսով պարարտացված աշնանացան ցորենի և չպարարտացված աշնանացան ցորենի որակների միջև: Տարբեր է եղել նաև ցորենի տարբեր տեսակների բերքատվությունը: Պարարտացված ցորենի բերքատվությունը 1.5 անգամ գերազանցել է ստուգիչ տեսակի բերքատվությունը: Խաչփար , Սոլակ և Քաղսի գյուղերում միասին վերցրած 7 հա աշնանացան ցորենի ցանք է կատարվել և այդ դաշտերում չեն օգտագործվել հանքային պարարտանյութեր: Լոլիկի <<Լիա>> սորտն աճեցնելու դեպքում, հատուկ ուշադրություն է դարձվել բնապահպանական և տնտեսական արդյունավետության վրա` կապված հանքային պարարտանյութերն օրգանականով փոխարինելու հետ: Իրականացվել են դաշտային դիտարկումներ և լաբորատոր հետազոտություններ` պտղում նիտրատների կուտակվելու առանձնահատկության, միջին կշռի, թթվայնության, վիտամին C-ի, ազոտի, ֆոսֆորի և կալիումի, շաքարների պարունակության վերաբերյալ: Լավագույն արդյունքները նկատվել են այն տարբերակներում, որոնք պարարտացվել են գոմաղբի հետ համակցված կենսահումուսով:
Հայանիստ գյուղում շարունակվել է 2 օրգանական այգու հավաստագրման գործընթացը:
Բարելավման աշխատանքններ են կատարվել Սոլակ, Քաղսի, Հայանիստ, ֆանտան և Խաչփար գյուղերի դպրոցների բակերում: Պատրաստվել և տեղադրվել են նստարաններ: Հայանիստի դպրոցի բակում լրացուցիչ տնկվել է ծիրանի <<Սաթենի>> սորտի 70 տնկի, բացի այդ, սալիկապատվել է նստարանների միջև ընկած ճանապարհը,ձեռք են բերվել գիհիներ, որոնք տնկվել են ճանապարհի երկայնքով:
Փորձարարական դաշտերում շարունակվել են բույսերի պաշտպանության աշխատանքները: Հայանիստի, Ձորաղբյուրի և Սոլակի այգիներում ծառերը մշակվել են խոտաբույսերի թուրմերով: Քաղսի և Սոլակ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքները համակարգելու նպատակով, ստեղծվել են գյուղատնտեսական կենտրոններ: ՀԿՀԱԱՇՄ-ն այդ կենտրոններին ապահովել է սրսկիչ գործիքներով, չորացրած խոտաբույսերով` թուրմերի պատրաստման համար, նաև` տեղեկատվական նյութերով և ֆիլմերով: Յուրաքանչյուր կենտրոն ունի 10 անդամ:
Ֆերմերներն իրենց դաշտերում օգտագործում են իրենց իսկ արտադրած կենսահումուսը: Խաչփար գյուղի մի ֆերմեր իր արտադրած կենսահումուսը վաճառել է <<Հայաստանի ծառատունկ ծրագիր>> կազմակերպությանը և ստացել եկամուտ: ՀԿՀԱԱՇՄ-ի քարոզարշավի արդյունքում, Ակնալիճ գյուղի մի ֆերմեր, որն ունի ջերմոց (2 հա)` լոլիկի աճեցման համար, կարողացել է համոզել մոտակայքում գտնվող Արզնի անասնապահական ֆերմայի ղեկավարությանը` զբաղվել կենսահումուսի արտադրությամբ և համատեղ տնօրինել արտադրանքը: Մեր ֆերմերի հետ խորհրդակցելուց հետո, նրանք կազմակերպել են կենսահումուսի արտադրությունը: Ֆերմերը 300 000 որդի վաճառքից և խորհրդատվության տրմադրումից ստացել է զգալի եկամուտ: ՀԿՀԱԱՇՄ –ն համագործակցում է ACDI VOCA կազմակերպության հետ, որը ՀԿՀԱԱՇՄ-ի ստեղծած <<Մեր բարեկամ կոմպոստը>> գրքույկը բազմացրել է 22000 տպաքանակով` իրենց ֆերմերների շրջանում տարածելու նպատակով: Նշված կազմակերպության հետ համատեղ, ՀԿՀԱԱՇՄ-ն պատրաստել է <<Ինչպես պատրաստել կոմպոստ>> ֆիլմը:
Էներգիա. Հայանիստ գյուղում 3 տնտեսության համար տեղադրվել են արևային տաքացուցիչներ: Նշված ընտանիքները կատարել են ներդրում, որը կազմել է ընդհանուր ծախսի 21 % -ը: Տեղադրման աշխատանքների ավարտից հետո, տաքացուցիչները հանձնվել են բնակիչներին, որոնց հետ կնքվել են պայմանագրեր: Պայմանագրի կնքումն անհրաժեշտություն էր, որպեսզի սարքն օգտագործողները պատասխանատվություն կրեն դրա շահագործման և պահպանման համար:
Այսպիսով, Հայանիստ գյուղի 3 ընտանիքի (15 բնակիչ) համար տեղադրված է մեկական արևային տաքացուցիչ, որի շնորհիվ մարդիկ կարողանում են հոգալ իրենց կենցաղային և հիգիենայի կարիքները: Ջուրը երբեմն նույնիսկ այնքան է տաքանում, որ մարդիկ, նախքան այն օգտագործելը, սառը ջուր են ավելացնում: Այդ ընտանիքների հարևանները (11 հոգի) նույնպես օգտվում են այդ ջրից:
Տնային արևային ջրատաքացուցիչ Հայանիստ գյուղում
Իրազեկության բարձրացում. ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունն իրականացրել է կրթությանն ու իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներ` էկոլոգիական սանիտարիայի, անվտանգ խմելու ջրի, կայուն գյուղատնտեսության և թափոնների կառավարման վերաբերյալ: Պատրաստվել, տպագրվել ու տարածվել են արդեն գոյություն ունեցող և նոր ստեղծված տեղեկատվական նյութերը (տես` հրատարակությունների բաժինը): Կազմակերպվել են դասախոսություններ, ուսուցումներ և աշխատանքային սեմինարներ առողջության, սանիտարիայի, կայուն և այլընտրանքային գյուղատնտեսության և կենսաբազմազանության թեմաներով` դպրոցականների, ուսուցիչների և տեղական մարմինների համար:
ՀԿՀԱԱՇՄ-ն իր գործունեությունում մեծ տեղ է հատկացրել ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքներին: Ազգային և էլեկտրոնային թերթերում տպագրվել են խմելու ջրի, թունաքիմիկատների օգտագործման, օրգանական հողագործության, թափոնների և ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի հարցերին նվիրված հոդվածներ:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ կարողությունների զարգացում. ELA ծրագրի իրականացման շնորհիվ այլ կազմակերպությունների հետ ազգային, տարածաշրջանային և միջազգային համաժողովների ժամանակ փորձի և քաղած դասերի փոխանակման միջոցով ուժեղացել են կազմակերպության կարողությունները: Հատկապես զգալիորեն ավելացել են էկոլոգիական սանիտարիայի և ջրի կառավարման ոլորտներում ՀԿ աշխատակիցների գիտելիքները և հմտությունները: ՀԿՀԱԱՇՄ –ն ակտիվորեն մասնակցել է Վրաստանում WECF-ի կազմակերպած տարբեր ուսուցումներին:
Աշխատանքային սեմինար` Վրաստանում
Կայունություն. Օրգանական հողագործության գաղափարը հրապուրիչ է և կարող է տարածում գտնել նաև ծրագրի ավարտից հետո: Օրգանական հողագործության շնորհիվ լուծվում են բնապահպանական խնդիրներ, բացի այդ, ֆերմերների համար ստեղծվում է լրացուցիչ եկամուտ վաստակելու հնարավորություն: 2009 թ.-ի ավարտին 2 ֆերմերի հավաստագրման գործընթացը դեռ շարունակվում էր:
Էկոլոգիական սանիտարիան ապահովում է հեշտ տեխնոլոգիա` շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու համար: Այն բարելավում է ստորգետնյա ջրերի և հողի վիճակը, քանի որ նվազում է անտրոպոգեն աղտոտվածությունը: Բացի այդ, սնուցիչ տարրերը վերադառնում են ետ` դեպի հողը, այդպիսով ստեղծելով սննդարար տարրերի փակ շղթա: Էկոլոգիական սանիտարիայի հանդեպ կառավարական մարմինների (օր.` Ջրային ռեսուրսների պետական կոմիտե) և ՀԿ-ների հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ էկոսան գաղափարը լայն տարածում կգտնի Հայաստանում: Հայանիստում խմելու ջրի մատակարարման բարելավումը մեկն էր այն աշխատանքներից, որոնք իրականացվել են 2007 թ.-ին: Հայանիստի համայնքը դիմել էր ՀԿՀԱԱՇՄ-ին` ջրագծերի անցկացման հարցում ներդրումներ կատարելու խնդրանքով: Նկատի ունենալով համայնքի պատասխանատվության բարձր զգացումը և հոգատար վերաբերմունքը սեփական ունեցվածքի նկատմամբ, որոնք նախագծի կայունության հիմնական նախապայմաններն են, և խրախուսվելով դրական փորձից, ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունը նոր ջրագիծ է անցկացրել Հայանիստ գյուղի նոր թաղամասի բնակիչների համար:
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|