Սեմինարներ` Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (թունաքիմիկատներ, ՊՔԲ-ներ) և Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա սնդիկի ազդեցության և դրանց վտանգների կանխման վերաբերյալ
2020 թ.–ի մարտի 2–ից մինչև հունիսի 30–ը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացրել է առցանց սեմինար-քննարկում` նվիրված Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (մասնավորապես` թունաքիմիկատների, պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների)), ինչպես նաև Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում սնդիկի ազդեցությանը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա և սպառնացող վտանգների կանխմանը:
Առցանց սեմինարներն անցկացվել են ԶՈՒՄ (Zoom), Ֆեյսբուք մեսենջեր (Facebook Messenger) կամ Վայբեր (Viber) հարթակներում, որոնց մասնակցել է բնապահպանական հիմնախնդիրներով մատահոգ տարբեր մասնագիտությունների և զբաղմունքների տեր 170 անձ` ուսուցիչներ, դասախոսներ, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների բժիշկներ, հողագործներ, տնային տնտեսուհիներ, երիտասարդ ծնողներ, ուսանողներ, բարձր դասարանների աշակերտներ: Երբեմն միևնույն համակարգչով քննարկմանը մասնակցել են մեկից ավելի անձինք:
Սեմինար – քննարկումն իրականացվել է ՀՀ Արարատի մարզի Բաղրամյան և Տափերական համայնքների, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Ապագա համայնքի և Երևան քաղաքի բնակիչների հետ:
Առցանց անցկացվել է 8 սեմինար, որոնց կազմակերպմանն աջակցել են Գյումրիի, Արմավիրի և Երևանի բնապահպանական հասարակական տեղեկատվական կենտրոնների համակարգողները, իսկ համայնքներում՝ առցանց հարթակին քաջատեղյակ ուսուցիչները:
Երևան քաղաքում իրականացվել է 2 քննարկում։ Առաջին քննարկումն անցկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հետ համատեղ` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:
Երկրորդ քննարկումն անցկացվել է Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ, որին մասնակցել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) հետազոտությունների կենտրոնի պետը, ՃԿՊԱ –ի վերապատրաստման ֆակուլտետի, փրկարարական ֆակուլտետի, էկոլոգիա առարկայի դասախոսներ և ուսանողներ, Երևանի պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը, «Ակվամարին» ՀԿ-ի նախագահը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության ծրագրի ղեկավարը, «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահը, «Սիրիահայերի միություն» ՀԿ ծրագրերի ղեկավարը, «Կյանքի գույներ» ՀԿ նախագահը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը և այլ անձինք:
Սեմինարներն անցկացրել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի երեք աշխատակիցներ:
1. ԿՕԱ-ների (մասնավորապես` թունաքիմիկատների) ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, դրանց վտանգների կանխումը
Սեմինարի անցկացման ընթացքում խոսվել է այն մասին, որ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2001թ.-ին և վավերացրել է 2003 թ.-ի հոկտեմբերի 22-ին։ Այն ուժի մեջ է մտել 2004 թ.-ի մայիսի 17-ին:
Այնուհետև ներկայացվել է, թե որ քիմիական միացություններից է հարկավոր հրաժարվել, և ըստ նշանակության կամ ծագման ԿՕԱ-ներն ինչպիսի կատեգորիաների են պատկանում։
Սեմինարի մասնակիցներին տրամադրվել է տեղեկատվություն առ այն, որ ԿՕԱ-ները կուտակվում են մարդու օրգանիզմում և կարող են առաջացնել առողջական լուրջ խնդիրներ: Դրանք ազդում են մարսողական, իմունային, շնչառական, միզասեռական և էնդոկրին համակարգերի վրա:
Նաև նշվել է, որ դրանք վտանգավոր են
- և´ այն մարդկանց համար, ովքեր աշխատում ու ապրում են այնտեղ, որտեղ արտադրվել կամ օգտագործվել են ԿՕԱ-ներ,
- և՛ այն մարդկանց համար, որոնք անմիջականորեն ենթարկվել են այդ նյութերի ազդեցությանը ներշնչման, մաշկի հետ շփման և սննդի ընդունման միջոցով:
Անդրադառնալով ԿՕԱ-ների մնացորդային քանակություններին, նշվել է, որ դրանք աղտոտում են մշակաբույսերը և դրանցով սնվողներին: Երկար հեռավորությունների վրա տարածվելու հատկության շնորհիվ, ԿՕԱ-ները կուտակվում են նույնիսկ այն ձկների, թռչունների և կաթնասունների օրգանիզմներում, որոնք շատ հեռու են գտնվում ԿՕԱ-ների օգտագործման կամ արտադրության վայրից:
Խոսվել է նաև այն մասին, որ միևնույն թունաքիմիկատի երկարաժամկետ օգտագործումն իջեցնում է դրա ազդեցությունը վնասատուի նկատմամբ, քանի որ վնասատուն ձեռք է բերում դիմացկունություն տվյալ նյութի նկատմամբ:
Անդրադարձ է կատարվել նաև այն փաստին, որ ԿՕԱ-թունաքիմիկատներ օգտագործելիս ոչնչանում են ոչ միայն այն օրգանիզմները, որոնց համար այդ նյութերը նախատեսված են, այլև օգտակար միջատները, թռչունները, ձկները և այլ օրգանիզմներ:
Բնապահպանական հիմնախնդիրների շուրջ ծավալվել է հետաքրքիր քննարկում, ընթացքում բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Սեմինարի մասնակիցներին տրամադրվել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի կայքում տեղադրված` թեմային առնչվող մի շարք բրոշյուրների հղումներ`
- Թունաքիմիկատների ազդեցությունը նվազագույնի հասցնելը մնում է որպես գերակա խնդիր
- Էնդոկրին քայքայիչները և դրանց վտանգը մարդու առողջության համար
- ՈՉ՝ թունաքիմիկատներին, ԱՅՈ՝ վնասատուների ինտեգրացված կառավարմանը
- Մեր բարեկամ ԿՈՄՊՈՍՏԸ
- Այլընտրանք թունաքիմիկատներին
2. ԿՕԱ-ների (մասնավորապես` ՊՔԲ-ների) ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, դրանց վտանգների կանխումը
Սեմինարի ընթացքում խոսվել է այն մասին, որ ՊՔԲ-ները յուղեր և պինդ նյութեր են, որոնք չունեն համ, հոտ և գույն և ունեն հետևյալ հատկությունները` հրակայունություն, ցածր էլեկտրահաղորդականություն, բարձր դիմադրողականություն ջերմային աղեղնակին, բարձր քիմիական կայունություն և կայունություն շատ օքսիդիչների և այլ քիմիական նյութերի նկատմամբ:
Ներկայացվել են ՊՔԲ – ներ պարունակող այն սարքավորումների և նյութերի մասին, որոնք հանդիպում են փակ, մասամբ փակ և բաց համակարգերում:
Նաև ներկայացվել է ՊՔԲ-ների ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու օրգանիզմի վրա, և նշվել է, թե ինչպես պետք է վարվել ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքավորումների հետ։
Ներկայացվել է ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքերի հայտնաբերման դեպքում իրականացվելիք գործողությունները։ Դրանք են՝
- ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքավորումների ուսումնասիրություն,
- շահագործման համար ոչ պիտանի ՊՔԲ պարունակող սարքավորումների տեղադրում տարաներում, պիտակավորում, գրանցում, իսկ սարքավորման վնասվածքի և ՊՔԲ պարունակող յուղերի արտահոսքի դեպքում` յուղերի դատարկում համապատասխան տարայում և կապարակնքում, սարքի բացվածքի հերմետիկ փակում, փաթեթավորում և պիտակավորում՝ թե´ յուղը լցված տարայի և թե’ սարքավորման,
- փաթեթավորված և պիտակավորված սարքերի, տարաների տեղափոխում,
- դրանց պահեստավորում վտանգավոր նյութերի ժամանակավոր պահեստում, գրանցում մատյանում,
- ոչնչացում։
Նաև նշվել է, որ այն հողատարածքը, որն աղտոտվել է ոչ պիտանի սարքերից ՊՔԲ-ներ պարունակող յուղերի արտահոսքի հետևանքով, ենթարկվում է հետազոտության ՊՔԲ-ների պարունակության նկատմամբ։ Եթե հողերն աղտոտված են, ապա իրականացվում է աղտոտված շերտի հեռացում և վնասազերծում:
Ներկայացվել է նաև ՊՔԲ–ների վերջնական հեռացման մեթոդները։ Դրանք հետևյալն են`
հեղուկ թափոնների դեպքում՝
- ջրածնավորում,
- գոլորշիացում՝ բարձր ջերմաստիճանային այրում (>1100 °C),
- գազաֆիկացում,
կոշտ թափոնների դեպքում՝
- ստորգետնյա թաղում (մշտական հերմետիկացման համակարգով պահեստարաններ),
- քիմիական քլորազրկում (նատրիումական պրոցես),
- էլեկտրաքիմիական մշակում` արծաթի նիտրատի կիրառմամբ,
- պիրոլիզ պլազմային աղեղում՝ այրում։
3. Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում սնդիկի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, վտանգների կանխումը
Սեմինարի անցկացման ժամանակ ներկայացվել են սնդիկ պարունակող այն ապրանքները, որոնք լայն կիրառություն ունեն կենցաղում:
Այնուհետև անդրադարձ է կատարվել սնդիկով սուր և քրոնիկ թունավորման ախտանշաններին:
Մատնանշվել են Հայաստանի կողմից Մինամատայի կոնվենցիայի ստորագրման (10 հոկտեմբերի 2013 թ.), վավերացման` (13 դեկտեմբերի 2017 թ.) և ուժի մեջ մտնելու` (13 մարտի 2018 թ.) տարեթվերը:
Այնուհետև հակիրճ ներկայացվել է տեղեկատվություն կազմակերպության կողմից կատարված լամպերի հետազոտության մասին և թվարկվել են շիկացման, լյումինեսցենտային և ԼԱԴ լամպերի թերություններն ու առավելությունները: Նաև մանրամասն ներկայացվել է կոտրված լամպի դեպքում անհրաժեշտ կատարվելիք գործողությունները՝ նախապատրաստման, մեխանիկական մաքրման, քիմիական վնասազերծման և հեռացման փուլերում:
Նշվել է, թե ինչպես կարելի է պատրաստել լուծույթներ` քիմիական վնասազերծման համար՝
- 1-ին լուծույթը՝ 2 % -ոց կալիումի պերմանգանատի լուծույթ (2 գ կամ կես թեյի գդալ կալիումի պերմանգանատը լուծել 1 լ ջրում),
- 2-րդ լուծույթը՝ պատրաստել խառնուրդ՝ վերցնելով 400 գ կամ մեկ տուփ սոդա, 400 գ տնտեսական օճառ և 10 լ տաք ջուր,
- 3-րդ լուծույթը՝ մեկ փոքր սրվակ կամ 100 մլ յոդը լուծել 1 լ ջրում:
Մանրամասն ներկայացվել են այն գործողությունները, որոնք լամպի կոտրվելու դեպքում չի կարելի կատարել։ Դրանք են.
- Չմիացնել օդորակիչը, քանի որ սնդիկի գոլորշիներն արագ տարածվում են՝ թունավորելով օդը: Նույն պատճառով արգելվում է փոշեկուլ օգտագործել:
- Չհավաքել ապակյա բեկորներն ավելով, քանի որ թունավոր միացությունները փոշու հետ միասին օդ կբարձրանան, և ավելը կաղտոտվի։
- Լյումինեսցենտային լամպի ապակյա և մետաղական մասերը չգցել աղբարկղը, քանի որ դա երկրորդային ախտահարման աղբյուր կհանդիսանա:
- Չդիպչել լամպի կոտրված մասերին մերկ ձեռքերով:
- Չթափել լամպի փոքր բեկորները զուգարանակոնքի մեջ:
Ելույթում ընդգծվել է նաև կոտրված լյումինեսցենտային լամպի վտանգավոր թափոն լինելու հանգամանքը:
Այնուհետև ցուցադրվել են սնդիկ պարունակող ապրանքներին փոխարինող այլընտրանքային` սնդիկ չպարունակող արտադրանքները և դրանց աշխատանքը:
Սեմինարի մասնակիցներին տրամադրվել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի կայքում տեղադրված` թեմային առնչվող մի շարք բրոշյուրների հղումներ`
- Կենցաղային օգտագործման տարբեր տեսակի լամպերի առավելություններն ու թերությունները
- Կոտրված լյումինիսցենտային լամպերը վտանգավոր են առողջության համար
Սվետլանա Աբրահամյան | Քնարիկ Գրիգորյան | Մարիամ Քեշիշյան |