10 դեկտեմբերի 2018թ.
Հայաստանի Լոռու մարզում բնակվող մարդկանց տների մոտ հայտնաբերվել են թունունակ ծանր մետաղներ: Չեխ գիտնականները գտնում են, որ մեղավորը տեղական արդյունաբերությունն է
Ալավերդի/Երևան. Լոռու մարզում հանքարդյունաբերության և մետաղագործական ձեռնարկությունների շրջակայքը, հավանաբար, աղտոտված է վտանգավոր քիմիական նյութերով, հիմնականում` պղնձով, որի պարունակությունները գերազանցում են իրավական չափանիշները և հիգիենիկ նորմերը: Տեղական թեժ կետերը, որոնք անմիջականորեն աղտոտում են շրջակա միջավայրը, գտնվում են կամ հարևանությամբ կամ ուղղակիորեն քաղաքային տարածքներում: Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի փորձագետներն ահազանգում են, որ Դեբեդ գետի նմուշները պարունակում են թունունակ մետաղների ամենաբարձր մակարդակներ, որոնք կարող են ազդել գետի ափին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների վրա: Տեղական և օտարերկրյա կազմակերպությունները կոչ են անում պետական մարմիններին` դիմել խիստ միջոցների:
Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Թեղուտի հանքավայրը և պոչամբարն ու Ախթալայի շրջակայքում գտնվող մի քանի պոչամբարներ Լոռու մարզի խոշորագույն արդյունաբերական վայրերն են և, համաձայն վերջին հետազոտությունների, նաև հանդիսանում են շրջակա միջավայրում պղնձի, ցինկի, մոլիբդենի, կապարի և մկնդեղի առկայության պատճառը:
Դեբեդ գետից վերցված նստվածքներում հայտնաբերված պղնձի մակարդակները ցույց են տալիս, որ արդյունաբերական ձեռնարկությունների անմիջապես ներքևի մասով հոսող հատվածներից վերցրած նմուշներում պղնձի խտությունները կտրուկ ավելանում են և նույնիսկ հարյուրապատիկ գերազանցում են ֆոնային մակարդակները: [1]
«Պղնձի մակարդակների անսպասելի բարձրացումը վկայում է տեղական հանքարդյունաբերության կամ մետաղագործական գործունեության անմիջական ազդեցության հետևանքով ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտման մասին», — բացատրում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորվող հետազոտության համահեղինակ դ-ր Մարեկ Շիրը։
«Այնուամենայնիվ, նույնիսկ քիչ աղտոտված ջուրը կարող է առողջական խնդիրներ առաջացնել ցանկացած մարդու մոտ, ով բավական երկար ժամանակ ենթարկվում է դրա ազդեցությանը, օրինակ` ոռոգման աշխատանքներ կատարելու հետևանքով: Պղինձը նման դեպքերում բացասաբար է անդրադառնում հիմնականում լյարդի և երիկամների վրա», — նշում է քիմիական – տեխնոլոգիական համալսարանի փորձագետը:
Թունավոր հավկիթներ և խաղահրապարակներ
Մարդու առողջության վրա ազդեցությունը հետազոտվել է նաև տեղական բնակիչների մազերի, ազատ պայմաններում պահվող հավերից ստացված ձվերի կամ մանկական խաղահրապարակների ավազի նմուշառման միջոցով: Հետազոտությունները ցույց են տվել, որ նմուշառված խաղահրապարակների կեսում ծանր մետաղներով աղտոտվածության մակարդակը նշանակալիորեն բարձր է, իսկ երեխաները շատ զգայուն և խոցելի են նման քիմիական նյութերի նկատմամբ: Պղնձի անհանգստացնող խտություններ հայտնաբերվել են նաև այն մարդկանցից վերցված մազի նմուշներից մի քանիսում, որոնք բնակվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վանքերի շրջակայքում:
Խոսելով հավկիթների մասին, չեխական «Արնիկա» ՀԿ–ի թունունակ նյութերի հարցերով փորձագետ Ժիտկա Ստրակովան նշում է. «Ալավերդիում հայտնաբերված դիօքսինների մակարդակը գերազանցում է ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական չափանիշները, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան հինգ անգամ»: Ինչպես ցույց է տալիս հավկիթի նմուշների հետազոտությունը, արդյունաբերական աղտոտումն ազդում է սննդային շղթայի վրա և դիօքսինանման միացությունների առաջացման առումով զգալի վտանգ է ներկայացնում։ «Միայն հավկիթի հայերին բնօրոշ միջին քանակով սպառումը կարող է հանգեցնել մարդու կողմից դիօքսինների թույլատրելի օրական չափաքանակի խախտմանը, որը սահմանել է Պարենային անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA)», — ավելացնում է տիկին Ստրակովան:
Հայ բնապահպաններն ասում են, որ տեղաբնակներն անհամբեր սպասում էին հետազոտության արդյունքներին: «Մենք, վերջապես, ունենք ծանրակշիռ գիտական տվյալներ` ապացուցելու համար, որ արդյունաբերությունը վնաս է հասցնում մարդու առողջությանը, քանի որ մարդիկ ոչ բավարար չափով են պաշտպանված` թե՛ օրենսդրությամբ և թե՛ տեղական իշխանությունների կողմից», — ամփոփում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ ղեկավար, դ—ր Ելենա Մանվելյանը: «Պատասխանատու իշխանությունները պետք է անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկեն` այս թունավորումը դադարեցնելու համար», — նշում է դոկտոր Մանվելյանը:
Այնուամենայնիվ, լուծում գտնելը կարող է դժվար լինել, քանի որ Ալավերդիում և Թեղուտում ձեռնարկությունները վերջերս փակվել են, նշում է «ԷկոԼուր»–ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ռուսական ՎՏԲ բանկը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սկսել է «Գույք պարտքի դիմաց» գործընթացը «Վալլեքս» խմբի երկու ընկերությունում`«Թեղուտ» ՓԲԸ-ի և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանում։
Հետազոտությունը կատարվել է Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում` որպես Չեխիայի արտաքին գործերի նախարարության «Անցումային աջակցության ծրագրի» մաս, որը համատեղ իրականացվել է չեխական «Արնիկա» ասոցիացիայի կողմից՝ հայաստանյան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ–ի աջակցությամբ։
Նշումներ խմբագիրների համար
Կարդալ մեջբերված հաշվետվությունները և տեսնել նմուշառման վերաբերյալ լուսանկարները հետևյալ կայքում` https://english.arnika.org/photogallery/in-armenia-among-ancient-monasteries-and-dangerous-mining
(1) Դեբեդ գետից վերցված նստվածքների նմուշներում հայտնաբերված պղնձի մակարդակները, որոնք նմուշառվել են Ալավերդու գործարանի անմիջապես ներքևով հոսող հատվածից, երեսունմեկ անգամ ավելի բարձր են (2,200 մգ/կգ), քան վերին հոսանքի հատվածից վերցված նմուշներում: Դրանից հետո պղնձի մակարդակները` վար հոսելուն զուգընթաց դանդաղորեն նվազում են, այնուհետև դրանք կտրուկ փոխվում են` հանքարդյունաբերական հանքավայրերից հոսող ջրերի հետ միախառնվելու հետևանքով։ Դեբեդի մեջ թափվում են Թեղուտի հանքավայրի շահագործման թափոններով աղտոտված Շնող գետի և Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոններով աղտոտված Ախթալա գետի ջրերը։ Այստեղից վերցված նմուշում հայտնաբերվել է պղնձի ամենաբարձր մակարդակը` ավելի քան 7,000 մգ/կգ, որը մոտ նույնիսկ հարյուր անգամ գերազանցում է մինչև գետի՝ Ալավերդի հասնելու մակարդակները։ Դեբեդ գետը հարավ-արևմուտքից անցնում է ողջ տարածաշրջանով և դուրս է գալիս Վրաստանի սահմաններից: Հայաստանի տարածքով 152 կմ երկարությամբ հոսող Դեբեդ գետն օգտագործվում է տեղացի երկրագործների կողմից` պտղատու այգիների և բանջարանոցների ոռոգման համար:
Եվրոպական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թունավոր էլեկտրոնային թափոններում պարունակվող քիմիական նյութերը վերամշակման միջոցով աղտոտում են մանկական արտադրանքները / Արգելված բրոմացված անտիպիրեններ են հայտնաբերվել նաև Հայաստանում ձեռք բերված խաղալիքներում և մազի պարագաներում
Հայաստան — Շրջակա միջավայրի հիգիենայի ոլորտի հետազոտողներն այսօր անհանգստացնող տվյալներ են հրապարակել այն մասին, որ թունունակ բրոմացված անտիպիրենները, էլեկտրոնային թափոններում պարունակվող վտանգավոր քիմիական նյութերը, որոնք հայտնի են նրանով, որ խաթարում են վահանագեղձի գործառույթը և երեխաների մոտ առաջացնում նյարդաբանական խանգարումներ և ուշադրության պակաս, աղտոտում են վերամշակված պլաստմասսայից արտադրված սպառողական ապրանքները:
109 խաղալիքի, մազի պարագաների և խոհանոցային պարագաների հետազոտությունը ցույց է տվել, որ 107 նմուշում (98%) հայտնաբերվել են պոլիբրոմացված դիֆենիլ եթերների (ՊԲԴԵ) չափելի խտություններ, իսկ 80 նմուշում (73%)` հեքսաբրոմոցիկլոդոդեկանի քանակներ (ՀԲՑԴ):
Ազգային մանրամասներ. Հայաստանում ձեռք բերված ապրանքների (2 խաղալիք և մազի 2 պարագա) լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր 4 նմուշները պարունակում են օկտաբրոմոդիֆենիլ եթեր, որի խտությունները տատանվում են 4-36 ppm–ի սահմաններում, ինչպես նաև դեկաբրոմոդիֆենիլ եթեր, որի խտությունները տատանվում են 28-594 ppm–ի սահմաններում: Ընդհանուր առմամբ, արդյունքները ցույց են տալիս, որ էլեկտրոնային թափոններում հայտնաբերված թունունակ անտիպիրեններն առկա են հայաստանյան շուկայում վաճառվող վերամշակված պլաստիկից արտադրված սպառողական ապրանքատեսակներում: Սա ներառում է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայում թվարկված քիմիական նյութերը (օկտաԲԴԵ, դեկաԲԴԵ և ՀԲՑԴ):
Ըստ «Արնիկա — Տոքսիկ նյութերի և թափոնների ծրագրի» գործադիր տնօրեն և ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանցի (IPEN) դիօքսինների, ՓՔԲ– ների և թափոնների հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Յինդրիխ Պետրլիկի խոսքերի, 50 ppm–ից բարձր խտությամբ բրոմացված անտիպիրեններ պարունակող թունավոր պլաստիկները պետք է համարվեն վտանգավոր թափոններ: Միայն վտանգավոր թափոնների համար սահմանված խիստ չափորոշիչը կարող է վերացնել վտանգավոր սողանցքը, քանի որ այն կարգելի թունավոր պլաստիկի օգտագործումը թափոնների վերամշակման գործընթացում:
Պոլիբրոմացված դիֆենիլ եթերները և հեքսաբրոմոցիկլոդոդեկանները թունունակ անտիպիրեններ են (հակակրակային խառնուրդներ), որոնք շրջակա միջավայրում իրենց կայունության շնորհիվ դասվում են մոլորակի վրա առկա 28 առավել վտանգավոր քիմիական նյութերի շարքին: Պոլիբրոմացված դիֆենիլ եթերները հայտնաբերվել են հին էլեկտրոնիկայի ծածկույթներում և լարերի մեկուսիչ նյութերում, իսկ ՀԲՑԴ– ն հայտնաբերվել է էլեկտրոնիկայի և մեքենաների համար նախատեսված փրփրեցվող պոլիստիրոլային պլաստիկներում:
«Անկախ այն բանից, թե խաղալիքը պատրաստված է առաջնային հումք հանդիսացող պլաստիկից, թե վերամշակված պլաստիկից, թունունակ ՊԲԴԵ- ները խաթարում են երեխայի էնդոկրին համակարգի աշխատանքը: Վերամշակված էլեկտրոնային թափոններում պարունակվող վտանգավոր քիմիական նյութերից մարդկանց պաշտպանելու միակ ճանապարհը վերամշակման գործընթացում սողանցքերի վերացումն է և վերամշակված պլաստիկի արտադրությունում վտանգավոր թափոնների օգտագործման արգելումը», – իր կարծիքն է հայտնում «Արնիկա»–յի գիտաշխատող Ժիտկա Ստրակովան, որը մասնագիտացած է ԿՕԱ-ների հարցում և ուսումնասիրության հեղինակն է։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ն կոչ է անում ՀՀ կառավարությանն իր դերակատարումն ունենալ նրանում, որ ինչպես առաջնային հումքից արտադրված պլաստիկների համար, այնպես և վերամշակված պլաստիկների համար գործի միևնույն չափորոշիչը։
«Տոքսիկ սողանցք. Վերամշակված վտանգավոր թափոնների վերածում նոր ապրանքների» ուսումնասիրությունն իրականացրել են «Արնիկա» ասոցիացիան «Առողջության և շրջակա միջավայրի դաշինք»–ը (HEAL) և «IPEN»–ը: 2018թ.–ի ապրիլից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում կատարվել է 430 փորձանմուշի նմուշառում հետևյալ երկրներում` Եվրոպական Միության անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա) և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ (Ալբանիա, Հայաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Ռուսաստան և Սերբիա): Հետագայում բրոմացված անտիպիրենների պարունակության հայտնաբերման նպատակով 109 փորձանմուշ հետազոտվել է Պրահայի քիմիայի և տեխնոլոգիայի համալսարանի լաբորատորիայի կողմից:
(Մամլո հաղորդագրություն)
Երևան, 10 սեպտեմբերի 2018թ. Արևային էներգիան տնտեսության ոլորտի զարգացման կարևորագույն ուղղությունն է: Մինչ օրս էներգետիկ ոլորտում գործարարության համար այն համարվում է շատ գրավիչ, որտեղ կարճ ժամանակում ներդրումներն արդարացվում են:
Փորձագետների գնահատականներով, առաջիկա մի քանի տարիներին Հայաստանը կարող է արևային էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային առաջատար դառնալ, չնայած դեռ ոչ վաղ անցյալում Հայաստանը նույնիսկ չէր համարվում այդ ոլորտում բիզնեսի զարգացման հնարավորությունների երկիր:
Արագ ծախսածածկումը և ցածր ռիսկերը հիշյալ ոլորտը ներդրումների համար չափազանց գրավիչ են դարձնում, իսկ արևային ռեսուրսի ավելցուկը մեծացնում է այդ տեխնոլոգիաների մատչելիությունը: Եթե մինչև վերջերս Հայաստանում արևային էներգիայով զբաղվում էին հատուկենտ ընկերություններ, ապա այսօր դրանց թիվը հասնում է տասնյակների:
Վերականգնվող էներգիայի օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարցերին էր նվիրված «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 10-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցած միջազգային սեմինարը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Արևային էներգիան` ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի` Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից ստեղծված 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ Ֆոնդի միջոցով: Ծրագիրն ընտրվել է 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ Ֆոնդի կողմից «Կայուն կենսակերպի և արտադրության ծրագրի» համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Սեմինարին մասնակցում էին փորձագետներ Ճապոնիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Չիլիից, ինչպես նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, գործարար հանրության թիրախային համայնքների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանն իր ելույթում նշեց, որ որոշ երկրներ ամբողջությամբ անցնում են այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արևի, քամու, ջրի, մոլորակի ընդերքի և կենսագազի օգտագործման: Որոշ տարածաշրջաններում «կանաչ» էներգիայի արտադրության ծավալները գերազանցում են ավանդական էներգիայի արտադրության քանակները:
Հայաստանն ունի տարեկան շուրջ 300 արևոտ օր և պետք է իր տեղն ունենա այն երկրների շարքում, որոնք առաջնահերթությունը տալիս են «կանաչ» էներգիայի օգտագործմանը:
Գլոբալ բնապահպանական ռազմավարությունների ինստիտուտի (IGES) գիտական ղեկավար Ացուշի Վատաբեն հայտնեց իր գոհունակությունը ծրագրի իրականացման կապակցությամբ: Նա նշեց, որ այլընտրանքային արևային էներգիայի վերաբերյալ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի իրականացրած ծրագիրը կայուն ապրելակերպի խթանման հիանալի մոդել է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մյուս երկրների համար: Սեմինարը հնարավորություն է ընձեռում վերանայել այն, ինչ ձեռք է բերվել և յուրացվել, ինչպես նաև բացահայտել առաջ գնալու հնարավորությունները:
Արտերկրից ժամանած փորձագետները սեմինարի ընթացքում ներկայացրեցին այլընտրանքային էներգետիկայի ոլորտում իրենց երկրների փորձը:
Այսպես, օրինակ, Չիլիի համալսարանի Էներգիայի կենտրոնի տնօրենի տեղակալ Մարսելո Մատուսը ներկայացրեց կայուն արտադրական մոդելի խթանման նպատակով երկրաջերմային էներգիայի օգտագործման փորձը Չիլիի գյուղական բնակավայրերում:
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի հանածո վառելիքների ֆիզիկական քիմիայի բաժնի ավագ գիտաշխատող Ռոստիսլավ Մյուսիյն իր ելույթում հույս հայտնեց, որ «կանաչ» էներգիայի բնագավառում հայաստանյան կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունն, ընդհանուր առմամբ, կնպաստի մեր մոլորակի բնության և կլիմայի պահպանմանը:
Բելառուս փորձագետ Դմիտրի Բուրոնկինն իր ելույթում նշեց, որ Բելառուսում գոյություն ունի հասարակական կազմակերպության և Բրասլավի շրջանի տեղական իշխանությունների միջև փոխգործակցության հրաշալի փորձ՝ տարածաշրջանի համար կլիմայական չեզոքության հասնելու ռազմավարությունների նախապատրաստման գործում: Ծրագրի շնորհիվ, Բրասլավը կարողացավ ավելացնել տեղական վառելիքի (մանրատաշեղների) օգտագործումը, ինչպես նաև վերականգնվող էներգիայի տեսակարար կշիռն ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում և այդկերպ տարածաշրջանը մոտեցնել կլիմայական չեզոքության:
Սեմինարի ընթացքում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքում քաղած դասերը, ինչպես նաև CO2-ի արտանետումների կրճատումը: Նա ընդգծեց, որ ծրագիրը նպաստել է կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսական և մշակութային ասպեկտների բարելավմանը: Սեմինարի ավարտին ներկայացվեցին խմբային աշխատանքների արդյունքները և մշակվեցին համապատասխան առաջարկություններ: