Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24/2,
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: officeawhhe@awhhe.am

ruhyen

2010


arnik awhhe

 

Արնիկա ասոցիացիայի և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ  համատեղ մամլո հաղորդագրություն

30-ը նոյեմբերի, 2010թ.

Չեխ փորձագետները Հայաստանում բացահայտում են ժամկետանց ԴԴՏ-ի պաշարները և օգնում լուծումներ գտնել

Պրագա — Արնիկա ասոցիացիայի <<Թույներ և թափոններ ծրագրի>> ներկայացուցիչները, Հայաստանում կատարած իրենց վերջին առաքելության ժամանակ, ժամկետանց թունաքիմիկատների բոլոր հին պահեստների տարածքներում հայտնաբերել են ԴԴՏ-ով աղտոտվածություն:  Փորձագետները ներկայացրել են առաքելության ժամանակ վերցրած նմուշների լաբորատոր հետազոտությունների առաջին արդյունքները: <<Ըստ էության, մեր կողմից հետազոտված բոլոր այն վայրերում, ուր թունաքիմիկատներ կան, եղել են կամ պահպանվում են, հայտնաբերել ենք ԴԴՏ-ով տարբեր չափի աղտոտվածություն, իսկ մի դեպքում, նույնիսկ ժամկետանց ԴԴՏ-ի պաշարներ` պատռված պարկերով: Այնուամենայնիվ, խնդիրը միայն ԴԴՏ-ին չի վերաբերում>>, — մեկնաբանում է առաջին հետազոտությունների համահեղինակ Մարեկ Զիրը` քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտից,- Սա ճշմարիտ է, չնայած այն փաստին, որ ԴԴՏ-ն վաղուց արգելված է>>: <<Սա վատ նորություն է մեր երկրի համար, սակայն, միևնույն ժամանակ, այժմ մենք ավելի իրազեկված ենք այն մասին, թե ինչ նյութեր են աղտոտում ժամկետանց թունաքիմիկատների պահեստային շինությունները և այդ նյութերի թաղման վայրերը: Արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում ենք այս հարցի վրա հրավիրել պետական և միջազգային հաստատությունների ուշադրությունը>>, — ասում է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ /ՀԿՀԱԱՇՄ/ նախագահ Ելենա Մանվելյանը: Այժմ այս կազմակերպությունը ձեռք բերված տվյալներն օգտագործելու է իշխանությունների հետ իր բանակցություններում և թունաքիմիկատների նախկին պահեստների մոտակայքում բնակվող քաղաքացիներին իրազեկելու նպատակով:

<<Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում>> ծրագրի շրջանակներում Արնիկա ասոցիացիան օգնում է տեղական հասարակական կազմակերպությանը` մշակելու ժամկետանց թունաքիմիկատների վնասազերծման պլան: Հուլիս ամսին Չեխիայի Հանրապետությունից Հայաստան էր մեկնել 6 հոգուց բաղկացած մի խումբ, որի կազմում ընդգրկված էին տարբեր համալսարանների երիտասարդ մասնագետներ, իսկ ավելի ստույգ, մասնագետներ Բռնոյի Մասարիկ համալսարանի Թունավոր միացությունները շրջակա միջավայրում հետազոտական կենտրոնից, Պրագայի քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտից և շրջակա մրջավայրի հարցերով մասնագետներ` Արնիկա ասոցիացիայից: Նրանք հետազոտել են ժամկետանց թունաքիմիկատների 4 պահեստ և մետալուրգիական արդյունաբերության թափոնների մեկ գերեզմանոց: Արնիկայի և ՀԿՀԱԱՇՄ –ի 18 ամիս տևողությամբ համատեղ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և արտասահմանյան հիմնադրամների կողմից:

<<Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին ազատվելու բնապահպանական բեռից` հիմնվելով Չեխիայի Հանրապետության փորձի վրա: Մեզ հայտնի է, որ առաջին քայլը պետք է լինի հիմնախնդրի ծավալի քարտեզագրումը: Չեխիայի Հանրապետությունում բնապահպանական բեռի քարտեզագրումն առավել կամ պակաս չափով կատարված է, և դա շնորհիվ նաև այն հանգամանքի, որ մեր երկրում կան սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, իսկ Հայաստանում տեղյակ են, որ կան, եղել են կամ որոշակի վայրերում պահպանվում են վտանգավոր թունաքիմիկատներ, սակայն չգիտեն, թե ինչպիսի նյութեր են դրանք և ինչ չափով են աղտոտել պահեստային շինությունները, հողը և շրջակա միջավայրի այլ բաղադրիչները: Սա է Չեխիայում և Հայաստանում առկա իրավիճակների հիմնական տարբերությունը >>, — ընդգծում է հասարակության հետ կապերի աշխատակից Զորա Կասիկովան: Որպեսզի ցանկացած երկիր, ներառյալ Հայաստանը, ի վիճակի լինի ընտրելու վնասազերծման իրեն հարմար մեթոդը և այդ նպատակով գտնի ֆինանսավորում, նախ և առաջ, անհրաժեշտ է կատարել վնասազերծման ենթակա նյութերի քանակի գնահատում:

Համաձայն Չեխիայում ընդունված չափանիշների, Հայաստանի ժամկետանց թունաքիմիկատների բոլոր 4 պահեստներն էլ ենթակա են վնասազերծման: Պարարտանյութերը և թունաքիմիկատները, միանշանակորեն, չեն կարող պահպանվել այդ շենքերում:<<Սա առաջին պարզ միջոցառումն է, որ կառաջարկեինք մեր իշխանություններին: Առանց Արնիկայի կազմակերպած հետազոտությունների, մենք դրա համար բավարար տվյալներ չէինք ունենա>>,- հետազոտության գործնական արդյունքներից մեկը նկարագրելով,
ասաց ՀԿՀԱԱՇՄ անդամ Էմմա Անախասյանը:

<<Ամենացնցող բացահայտումներից  էր այն, որ Ջրառատի պահեստից վերցրած նմուշներից մեկում ԴԴՏ-ի պարունակությունը կազմում էր 50 տոկոս: Այս թունաքիմիկատի քանակներն այստեղ հասնում են հարյուրավոր կիլոգրամների: Թունաքիմիկատը, պատռված տոպրակներով, թափված է ամբողջապես քանդված շենքում, և, հետևաբար, հեշտությամբ տարածվում է, քամու միջոցով կամ անձրևաջրերի հետ միախառնվելով: Արդյունքում, դա հանգեցնում է շրջակա միջավայրի զանգվածային աղտոտման>>, — փաստում է Սյուզանա Հոնսայկովան` քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտից:

Նուբարաշենին մոտ գտնվող վայրում, ուր թաղված են ժամկետանց թունաքիմիկատներ, վտանգավոր թունաքիմիկատներով աղտոտվածություն հայտնաբերվել է նաև գերեզմանոցի ցանկապատված տարածքից դուրս: <<Դա նշանակում է, որ գոյություն ունի սննդային շղթայի աղտոտվածություն: Տարածքը հասանելի է նաև արածող կենդանիների համար>>,- ասում է Մարեկ Զիրը: Զարմանալի է, որ գերեզմանոցի մոտակայքում ապրող մարդիկ տեղյակ չեն հնարավոր ռիսկի մասին: <<Ժամկետանց թունաքիմիկատների պահպանման վայրերի հարևանությամբ ապրող մարդիկ աճեցնում են բանջարեղեն, զբաղվում են ձկնաբուծությամբ, պահում են անասուններ, խմելու ջուրն, առանց վախենալու, վերցնում են չպաշտպանված հորերից: Ինչևէ, նրանք տեղեկացված չեն այնպիսի թունաքիմիկատների առկայության մասին, ինչպիսին են ԴԴՏ-ն և լինդանը: Մենք կիրազեկենք նրանց այդ մասին և այս հարցում աջակցության խնդրանքով կդիմենք պետական մարմիններին>>,- ասում է Ելենա Մանվելյանը:

Մինչ այժմ Հայաստանում քննարկվել է միայն Երևանից ոչ հեռու գտնվող գերեզմանոցի հարցը, ուր թաղված է մոտ 500 տոննա ժամկետանց թունաքիմիկատ: <<Արնիկայի կազմակերպած հետազոտությունը ցույց տվեց, որ ԴԴՏ-ով և այլ քլորօրգանական թունաքիմիկատներով աղտոտվածության խնդիրը վերաբերում է շատ վայրերին>>,- նկատում է Արնիկա ասոցիացիայի <<Թույներ և թափոններ ծրագրի>> գործադիր տնօրեն, չեխ-հայկական համատեղ ծրագրի համակարգող Յինդրիխ Փեթրլիկը:

<<Ծրագրի հաջորդ փուլում մենք հետազոտելու ենք պահեստներից դուրս գտնվող տարածքներում սննդային շղթայի և օդի աղտոտվածությունը: Ծրագրի ավարտին ցանկալի կլիներ, որպեսզի մենք ի վիճակի լինեինք առնվազն ուրվագծել, թե ինչ հնարավորություններ կան ժամկետանց թունաքիմիկատներով աղտոտված վայրերի վնասազերծման  համար: Մենք կփորձենք օգնություն ստանալ Չեխիայի պետական հաստատություններից և կփնտրենք Հայաստանում այդ խնդրի լուծման համար մատչելի և օգտակար տեխնոլոգիաներ: Այս ամենի համար, մենք շատ կարևորում ենք համագործակցությունը  ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցի հետ: Արնիկան և ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն այս ցանցի անդամներ են >>,- մանրամասնում է պարոն Փեթրլիկը:

Արնիկան նմանատիպ հիմնախնդրի լուծման հարցում ունի փորձառություն: Դա կապված է Կլատովի — Լյուբիի հետ, որտեղ նրանց հաջողվել է լուծել այդ շինությունների վնասազերծման հարցը, որոնք նախկինում եղել են թունաքիմիկատների պահպանման և պատրաստման պահեստ: ՀԿՀԱԱՇՄ-ի անդամները, Չեխիայի Հնարապետությունում հետազոտական շրջագայության շրջանակներում, նոյեմբերի 30-ին այցելեցին Կլատովի: Թունաքիմիկատների մնացորդային քանակներն, ի տարբերություն Հայաստանում գոյություն ունեցող պահեստների, Լյուբիում այլևս չեն պահպանվում:

<<Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում>> համատեղ ծրագիրը մշակվել է 2009թ.-ի կեսերին, սկսվել է նույն տարվա վերջին` Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցության շնորհիվ:

arnika_press_release2010_clip_image001

Սույն մամլո հաղորդագրությունը պատրաստվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը պատկանում է Արնիկա ասոցիացիային և ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ-ին և չի կարող դիտվել որպես Եվրամիության դիրքորոշման արտացոլում:

2010թ.-ի հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի շենքում (հասցե` Բաղրամյան 24դ, 610 սենյակ) տեղի կունենա միջոցառում` նվիրված Գյուղի կանանց միջազգային օրվան: Միավորված ազգերի կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը նշում է որպես Գյուղի կանանց միջազգային օր` ի նշան նրանց նկատմամբ հարգանքի և մեծարման, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործում գյուղի կանանց մասնակցության կարևորության և նրանց դերի բարձրացման:
Փաստերը վկայում են այն մասին, որ աշխարհում մոտ 1,6 մլրդ գյուղաբնակ կին ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում: Աճեցվող գյուղմթերքների կեսից ավելին արտադրվում են նրանց աշխատանքի շնորհիվ:
Ողջ աշխարհում կանանց պատկանում է օգտագործվող հողերի միայն 2 տոկոսը: Նրանք օգտվում են գյուղատնտեսական վարկերի միայն 1 տոկոսից:
Աշխարհում ոչ գրագետ մարդկանց երկու երրորդը կանայք են: 1970 թ.-ից սկսած կրկնակի անգամ ավելացել է աղքատության մեջ ապրող կանանց թիվը:
<<Գյուղի կայուն զարգացում>> գյուղատնտեսական հիմնադրամը և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպությունը, համատեղ կազմակերպելով այս միջոցառումը, նույնպես նպատակ ունեն ընդգծելու գյուղի կանանց կարևորությունը և պարգևելու նրանց փոքրիկ տոն, ինչպես նաև ընձեռելու միմյանց հետ ծանոթանալու և փորձի փոխանակման հնարավորություն:Սա առանց վերավաճառողների, անմիջապես արտադրողից էկոլոգիապես անվտանգ մթերքներ գնելու եզակի հնարավորություն է: 

Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 31-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա “Թունաքիմիկատներ, արդյո՞ք դրանք պարտադիր են” տեսաֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը պատկերացում է տալիս մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող ագրոքիմիկատների, ներառյալ ԿՕԱ-ների (կայուն օրգանական աղտոտիչներ) ոչ ճիշտ կառավարման հարցի մասին: Այն ցույց է տալիս նաև, թե որքան կարևոր է բարձրացնել թունաքիմիկատներ օգտագործողների իրազեկությունը:
Թունաքիմիկատների հարցի կառավարման վերաբերյալ գիտելիքների տարածմանը խանգարող հանգամանքներից են` հստակ մեխանիզմների, ուսուցողական ծրագրերի սահմանափակ մատչելիությունը, գյուղական համայնքներում մասնագիտացված ուսուցանողների պակասը:
Ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժ.պ. Դիրք Բոբերգը: Շնորհանդեսին, որը կսկսվի ժամը 12:00-ին, հրավիրված են մասնակցելու Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի, շահագրգիռ նախարարությունների, հասարակական կազմակերպությունների և տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Տեսաֆիլմը նկարահանվել է երկու ծրագրերի շրջանակներում, որոնք նպատակաուղղված են թունաքիմիկատների անվտանգ կառավարմանը, թունաքիմիկատների փոխարեն բնական այլընտրանքների օգտագործմանը և գյուղական բնակչության իրազեկության բարձրացմանը: Նշված ծրագրերն են` “Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով բնակչության քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում” ծրագիրը` ֆինանսավորված Եվրոմիության կողմից (ԵՄ-ան ներդրումը`186000 եվրո, համաֆինանսավորումը Արնիկա, GGF, IPEN, AWHHE, GEF, WECF կազմակերպությունների կողմից` 63 000 եվրո): Ծրագիրն իրականացվում է համատեղ` “Արնիկա” չեխական ասոցիացիայի և “Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի” /ՀԿՀԱԱՇՄ ՀԿ/ հասարակական կազմակերպության կողմից: Մյուսը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորված “ԿՕԱ-ների և թունավոր քիմիկատների բացասական ազդեցության մասին իրազեկության բարձրացում Հայաստանի Հայանիստ, Խաչփար, Ֆանտան, Քաղսի, Սոլակ և Ձորաղբյուր գյուղերում` ռիսկերի նվազեցման համար” ծրագիրն է` իրականացված “Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի” ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի կողմից:  

 

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Լուսինե Նալբանդյանին հետևյալ հեռախոսահամարով` 52 36 04 կամ էլ. փոստով office@awhhe.am 

IMG_1079 IMG_1068 IMG_1070 IMG_1076

Հասմիկ Դանիելյան, <<Ռադիոլուր>>  

prime_minՄոտ 2 շաբաթ առաջ հասարակական և պետական մարմինների ուշադրության կենտրոնում էր գտնվում Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդիրը: Մայիսի 6-ին հանրապետության կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց հիմնախնդրի լուծման առաջին փուլը սկսելու համար: Բնապահպանները դեմ են թունաքիմիատների այրման գործընթացին և այդ մասին իրենց մտահոգությունը հայտնեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վարչապետն ասաց, որ որոշումը, բնականաբար, կընդունվի այն ժամանակ, երբ ներկայացված կլինեն միջազգային փորձագետների կարծիքները>>: <<Բոլոր ՀԿ-ներն անշուշտ կընդգրկվեն որոշումների կայացման գործընթացում>>, ասաց վարչապետը:  www.ecolur.org

P1000744 P1000745

2010թ.-ի հունիսի 29-ին Եվրոխորհրդարանում պարոն Ջոն Վայգենի` Հեքսաքլորցիկլոհեքսանի և թունաքիմիկատների միջազգային ասոցիացիայի (IHPA) տնօրենի, նախաձեռնությամբ կազմակերպվեցին մինի-լսումներ` Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում ժամկետանց թունաքիմիկատների մասին` նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ժամկետանց թունաքիմիկատների պահեստավորման, մշակման, հեռացման և մարդու առողջության և շրջակա միջավայրի համար դրանց վտանգավորության գլոբալ հիմնախնդրին: Հայաստանում ստեղծված ծայրահեղ միջադեպի կապակցությամբ ելույթ ունեցավ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, որի ելույթն ուղեկցվեց ֆիլմի ցուցադրությամբ: Երկու դեպք ներկայացվեց նաև Ադրբեջանի և Մոլդովայի ներկայացուցիչների կողմից:

Եվրոխորհրդարանի և Եվրամիության Հանձնաժողովի խոսնակները ներկայացրեցին ԿՕԱ-ների վերացման ուղղությամբ գործողությունների պլանի իրականացման ռազմավարություններն ու կոնկրետ քայլերը, այն, թե ինչպես կարելի է այս հիմնախնդիրը ինտեգրել Եվրամիության այնպիսի ծրագրում, ինչպիսին <<Հարևանություն ծրագրի նախագիծն>> է: Սլովենիայի խոսնակը ներկայացրեց համագործակցության, ռազմավարության մշակման, ֆինանսական միջոցների ընդհանուր օգտագործման, Դանուբի երկրների միջև հաստատված երկկողմանի և բազմակողմ համագործակցության օրինակը, թե ինչպես է ժամկետանց թունաքիմիկատների հարցը ինտեգրվել ընդհանուր ռազմավարական ծրագրում: Խոսնակն ընդգծեց, որ ժամկետանց թունաքիմիկատների հարցը պետք է առաջնահերթ տեղ զբաղեցնի ազգային զարգացման պլաններում:

Շնորհանդեսներից հետո, նախագահն առաջարկեց անցնել հարցադրումներին և քննարկումներին:

Ելենա Մանվելյանը, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ /ՀԿՀԱԱՇՄ/ նախագահը, միջամտեց և պարզաբանումներ մտցրեց` կապված Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի իրավիճակի հետ: Տեղեկատվությունը հիմնականում վերաբերում էր գերեզմանոցի մոնիտորինգին:

Տրվեց կարճ գնահատական ստեղծված իրավիճակին և ներկայացվեցին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի կողմից արված առաջարկությունները` գործողությունների պլանով նախատեսված հաջորդ քայլերի կապակցությամբ:

Տարբեր երկրների կողմից ներկայացված դեպքերը ստեղծեցին հիմք միջազգային համատեղ պլատֆորմի համար, որը կօգնի մշակելու առանձահատուկ գործողությունների ծրագրեր` Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Ասիայի երկրներին աջակցելու նպատակով:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի միջամտությունը Եվրոխորհրդարանում, 2010 թ.-ի հունիսի 29-ին կազմակերպված ժամկետանց թունաքիմիկատների մասին մինի-լսումներին

Հարգելի Եվրոխորհրդարանի, Եվրահանձնաժողովի անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իմ անունը Ելենա Մանվելյան է: Ես ներկայացնում եմ <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպությունը, կարճ` ՀԿՀԱԱՇՄ: Թույլ տվեք հակիրճ ներկայացնել մեր կազմակերպության դերը Հայաստանում թունանյութերի հիմնախնդրի բացահայտման և գնահատման հարցում: Ելույթիս ավարտին ձեզ կցանկանայի ուղղել 4 հարց:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն կանանց կազմակերպություն է, որը զբաղվում է բնապահպանական և առողջապահական հարցերով: Մեր գործողություններն ուղղված են Հայաստանում մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանը և կայուն զարգացմանը: ՀԿՀԱԱՇՄ-ի գործունեության ամենակարևոր ոլորտներից է վտանգավոր թափոնների կառավարումը: Սկսած 2000 թ.-ից երբ մենք բացահայտեցինք մեծ քանակությամբ ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցը, մինչ այսօր իրականացրել ենք գերեզմանոցի մոնիտորինգ և կառավարական մարմիններին և շահագրգիռ կազմակերպություններին հայտնել ենք մեր հետազոտությունների արդյունքների մասին: Գերեզմանոցի հիմնախնդիրը 10 տարի շարունակ եղել է կազմակերպության ուշադրության կենտրոնում: Նշված ժամանակամիջոցում ՀԿՀԱԱՇՄ-ն կատարել է հողի, բուսականության , ջրի, կրծքի կաթի և կովի կաթի նմուշարկում: Լաբորատոր հետազոտությունները, որոնք կատարվել են Երևանի հավաստագրված լաբորատորիաներից մեկում, ցույց են տվել ԴԴՏ-ի և վերջինիս մետաբոլիտների, ՀՔՑՀ –ի թույլատրելի խտությունների գերազանցումներ և շարունակական աճ: Գերեզմանոցի տարածքի սողանքի ակտիվության երկրաբանական հետազոտությունները իրականացրել է Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտը: Հետազոտությունների արդյունքներն ահազանգող էին և շատ անգամներ կազմակերպությունը դրանք ներկայացրել է հանրապետության կառավարության և լրատվամիջոցների ուշադրությանը: Մենք շատ աշխատանք ենք կատարել իրազեկության բարձրացման ուղղությամբ: 2004-2005 թթ.-ին կառավարությունը ձեռնարկել է ժամանակավոր բնույթի միջոցառումներ, որոնք սակայն տեղական բնակչությանը չեն պաշտպանում թունաքիմիկատների գերեզմանոցի տեղաշարժման պատճառով առաջացած վտանգներից: ՀԿՀԱԱՇՄ-ն ստեղծված արտակարգ իրավիճակի խնդրի վրա հրավիրել է միջազգային մի շարք կազմակերպությունների` ԵԱՀԿ-ի /OSCE/, Շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Միացյալ ազգերի կազմակերպության ծրագրի /UNEP/, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /FAO/ և IHPA –ի ուշադրությունը և ստացել աջակցություն ՀԿ-ների միջազգային այնպիսի ցանցերից, ինչպիսին են ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցը /IPEN/ և <<Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի>> /WECF/ կազմակերպությունը:

Մենք շատ ուրախ ենք, որ Եվրոխորհրդարանն արտակարգ իրավիճակը դարձրեց օրակարգային հարց և շնորհակալ ենք պարոն Ջոն Վայգենին այն նախաձեռնության համար, որ նա հանդես բերեց հարցի լուծման ուղղությամբ հնարավոր գործողությունների կատարման նպատակով Եվրամիության և միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար: Ես կցանկանայի լրացուցիչ տեղեկացնել ձեզ մի քանի օր առաջ գերեզմանոց կատարած մեր վերջին այցի մասին: Ինչպես իրենց ելույթներում նշեցին Սերգեյ Կապինոսը և Ջոն Վայգենը, ում մենք ուղեկցել ենք 2 ամիս առաջ գերեզմանոց կատարած այցի ժամանակ, աղետալի իրադարձությունը տեղի է ունեցել այս տարի:

Չնայած այն հանգամանքին, որ քանդված գերեզմանոցը կառավարության հատկացրած միջոցներով ծածկվել է պաշտպանիչ շերտով, մեկ շաբաթ առաջ մեր կատարած այցի ժամանակ մենք նկատեցինք, որ գերեզմանոցի շուրջը կա հոտի առկայություն: Այն հատկապես սուր է զգացվում գերեզմանոցից ներքև գտնվող ճահճուտային տարածքում: Սա վկայում է շրջակա միջավայրի հողի աղտոտված լինելու մասին:

Թեև գերեզմանոցը քանդելու միջադեպից անցել է համարյա 3 ամիս, բայց մենք դեռևս չունենք ճշգրիտ տվյալներ աղտոտվածության մակարդակների և աղտոտված տարածքի չափերի մասին: Էկոլոգիական և նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տրամադրած տվյալները հողի 4 նմուշի վերաբերյալ շատ փոքրաթիվ են: Մենք ժամանակ ենք կորցնում, քանի որ միջազգային փորձագետների կարծիքով, աղտոտվածությունն անհանգստացնող չափերի է հասնում: Հնարավոր է, որ պաշտոնատար անձինք տեղական բնակչության շրջանում խուճապ չառաջացնելու նպատակով խուսափել են իրական տվյալները հաղորդելուց:

Իմ հարցերը հետևյալն են` —

Ինչպե՞ս և ու՞մ կողմից պետք է կատարվի ռիսկի գնահատում` կապված տեղական բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության հետ: —

Ինչպե՞ս պետք է տեղական բնակչությունը տեղեկացվի և ներգրավվի առողջության պաշտպանության մասին որոշումների կայացման գործընթացում և անտանգ լուծումներ գտնելու մեջ: —

Ինչպե՞ս և ու՞մ կողմից պետք է կատարվի ռիսկի գնահատումը գյուղատնտեսության համար, քանի որ գերեզմանոցը Արարատյան դաշտի գյուղատնտեսական տարածաշրջանից գտնվում է մոտ 25 կմ հեռավորության վրա: —

Կարո՞ղ է արդյոք Եվրամիությունը դերակատարում ունենալ ՀԿ-ների դերի բարձրացման հարցում, որպեսզի վերջիններս ոչ միայն մշտարթուն հսկողություն իրականացնեն, այլև հանդես գան որպես լավ գործընկեր և մասնակցեն լավագույն լուծումներ փնտրելու և հասարակության աջակցությունը ստանալու գործընթացում: Նուբարաշենի

 

 awhhe_n  WWF-Logo norwmin 

2010թ-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է կենսաբազմազանության միջազգային տարի: Մայիսի 22-ն այդ առումով յուրահատուկ օր է, քանզի այդ օրն ամբողջ աշխարհում տոնում են կենսաբազմազանության միջազգային օրը, որն ընձեռում է աննախադեպ հնարավորություն` հասարակության ուշադրությունն այդ հարցի շուրջ բևեռելու համար: Օրն ու տարին տոնական էին նաև մեզ` հայերիս համար:
<<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպությունը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության և Շվեյցարիայի Բնության համաշխարհային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, հաջողությամբ իրականացրեց <<Փրկենք ընձառյուծին Հայաստանում>> ծրագիրը:
Ծրագիրն ավարտվեց Հայաստանում բնակվող ամենահազվադեպ հանդիպող կաթնասուն կենդանիներից մեկի`ընձառյուծի, փրկությանը նվիրված գեղեցիկ միջոցառման իրականացմամբ, որը տեղի ունեցավ 2010 թ.-ի մայիսի 22-ին, Երևանի պետական կենդանաբանական այգում: Այն իրավամբ երփներանգ, ժպտառատ, հեքիաթային, ուրախ տոն էր, որին մասնակցում էր ավելի քան 200 երեխա` մայրաքաղաքի 7 դպրոցից: Բոլոր ութերորդ դասարանցիների համար նախօրոք, մեկ ամսվա ընթացքում, ՀԿՀԱԱՇՄ-ի ՀԿ-ն կազմակերպել էր դասընթացներ` կենսաբազմազանության, մասնավորապես` առաջավորասիական ընձառյուծի պահպանության հարցերի վերաբերյալ` նպատակ ունենալով օգնել երեխաներին հասկանալ, թե որքան կարևոր է կենսաբազմազանությունը երկրագնդի առողջ և կայուն զարգացման համար: Բոլոր դպրոցներում հայտարարվել էր ձեռքի աշխատանքի մրցույթ` ընձառյուծի պահպանության թեմայով: Գնահատման էր ներկայացվել շնորհալի աշակերտների հմուտ ձեռքերով պատրաստված 142 աշխատանք: Աշխատանքների գնահատման նպատակով ստեղծված հանձնաժողովը, որում ընդգրկված էին մասնագետ արվեստագետներ և ԲՀՀ-ի ու ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ներկայացուցիչներ, տվեց իր գնահատականը բոլոր աշխատանքներին: Մրցույթի ամփոփման արդյունքում, 5 մրցանակային տեղերի արժանացավ թվով 25 աշակերտ, իսկ միջոցառմանը մասնակցած բոլոր երեխաները ստացան խրախուսական նվերներ:
Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի բնապահպանության նախարարը, ՀՀ-ում Նորվեգիայի պատվավոր հյուպատոսը, Երևանի քաղաքապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչը: ՀԿՀԱԱՇՄ-ի ՀԿ նախագահ` տիկին Ելենա Մանվելյանը կազմակերպության անունից իր շնորհակալությունը հայտնեց բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք աջակցել էին միջոցառման իրականացմանը: Միջոցառման ընթացքում 140 աշակերտ մայրաքաղաքի 7 դպրոցից մասնակցեց մրցութային խաղերին, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց թիվ 176 դպրոցը:
Տոնն իրական տոն չէր լինի առանց երգ ու պարի: Բայց այս տոնն իսկականներից էր, ու այստեղ կար թե´ երգ, թե´ պար և թե´ ներկայացում: Բարձր տրամադրությունը թևածում էր ամբողջ կենդանաբանական այգում, անխտիր ժպտում էին բոլորը մեծերն ու փոքրերը: Օդում ծածանվում էին դրոշներն ու բազմերանգ փուչիկները, որոնք համապատասխանում էին երեխաների հագած վերնաշապիկների գույներին: Իսկ տոնի վերջում օդ բարձրացավ մի մեծ փուչիկ` ընձառյուծի պատկերով, և յուրաքանչյուրը, գլուխը վեր պարզած, նայելով երկնքին, իր մտքում պահեց մի մեծ երազանք, որ ցրվեն մթագնած ամպերը, որոնք սպառնում են ընձառյուծին ոչնչացման վտանգով, որ ընձառյուծները Հայաստան գան ու էլ չգնան, որ ապրեն ու շատանան… 

Healthy Environment for Our Children — Healthy Generation for Armenia